- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «Վերջին տագնապը»
Վեր է կացել հին վիշապը նոր թափով, Վեր է կացել վերջին մոլի տագնապով, Արյունըռուշտ, ոճիրներով ահավոր Մահ է շընչում լէռներն ի վեր ալևոր:
Ու նրա դեմ ելած անզուսպ, անսահման, Հորձանք տալով ամեն կողմից՝ հայության Հին–հին հույսերն ու հուզմունքը դարավոր Ծառս են լինում լեռներն ի վեր ալևոր:
Ծառս են լինում քաջ խմբերով անձնվեր, Ծառս են լինում տանջվողներով կիսամեռ, Ծառս են լինում անընկճելի ու արի Մինչև ճերմակ գլուխները լեռների:
Ու լեռները պառավ մոր պես վերստին Արնոտում են գլուխները իրենց հին, Միշտ խորհելով ամպերի տակ սևակնած, Որ հենց իրենց հառաչանքն են կուտակված…
Ու ամպերում, բարձըր ուսից Մասիսի Սլանում է մեծ արծիվը հյուսիսի Շիտակ դեպի բարձունքները հայկական, Իր հետևից հայի բախտն ու ապագան:
1915
#Պոեզիա #Գրականություն #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀովհաննեսԹումանյան