- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

«Բազմավէպը» Մխիթարյան միաբանության կողմից հրատարակվող հայագիտական, բանասիրական, գրական հանդես է։ Լույս է տեսնում 1843 թ-ից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Համարվում է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։
Հանդեսի հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին էր՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը, ով ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843 թ. հիմնեց «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալով Հ. Ղուկաս Ինճիճյանի հրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։
1843-1857 թվականներին «Բազմավէպը» եղել է բնական, տնտեսական և բանասիրական երկշաբաթաթերթ՝ նպատակ ունենալով դյուրըմբռնելի աշխարհաբարով ընթերցողներին հասցնել լուսավորական գաղափարներ և օգտակար խորհուրդներ, ուղիներ նշել տնտեսական, քաղաքական և հոգևոր կյանքի վերածնման համար։ Առաջին շրջանում այս հանդեսում մեծ տեղ էին զբաղեցնում կրոնաբարոյախոսական հաղորդումները, գիտության և արդյունաբերության ոլորտներում նորագույն հայտնագործությունները, աշխարհագրական և հնագիտական գյուտերի, բնության և ընդերքի հարստության մասին տեղեկությունները։ Սկզբնական շրջանում «Բազմավէպը» կազմված էր 3 մեծ մասերից։
«Բնական գիտութեանց» բաժինն ընդգրկում էր բնաբանությունը, բնալուծությունը, երկրաբանությունը, բնական պատմությունը, այսինքն՝ բուսաբանական և կենդանաբանական ծանոթություններ։ «Տնտեսական գիտութեանց» բաժինը ներառում էր դաստիարակությունը, քաղաքական տնտեսությունը, երկրագործությունը, առողջապահությունը, արվեստները և նորահայտ գյուտերը։ «Բանասիրական տեղեկութեանց» բաժնում զետեղված են տեղեկություններ ժողովուրդների, նշանավոր անձանց մասին, հետևաբար պատմական, աշխարհագրական, բարոյական ծանոթություններ, որոնցից միշտ անբաժան էին նաև ազգային կյանքի և պատմության խնդիրները։
Սկզբում «Բազմավէպը» երկշաբաթաթերթ էր, ապա հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական։ Վերջին տարիներին լույս է տեսնում տարեկան 4 համար, որոնք հաճախ միավորվում են մեկ ծավալուն հատորում։ Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր։
Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկել է նեղ կացության մեջ և աստիճանաբար կրճատել իր պարբերականությունը։ Պատմաբանասիրական հարցերում «Բազմավէպը» պահպանողական էր և ջանում էր «անխախտ պահել» ավանդական տեսակետները։
1971 թվականից «Բազմավէպը» լույս է տեսնում 2-3 հատորով և տպագրում հայագիտական-բանասիրական և կրոնական նյութեր։
19-րդ դարի 60-ական թթ-ից դարձել է գիտական պարբերական, տպագրել հայ և օտար ուսումնասիրողների գործերը, նպաստել հայագիտության զարգացմանը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հրապարակել է զգալի թվով հոդվածներ հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ «Հայ հանճար» (1916 թ.), «Ջարդերու քաղաքականության վերջը և պատժելու ժամը» (1919 թ.), «Աճապարենք, պահանջը ստիպողական է» (1919 թ.), «Քաղաքակրթություն, զուգակից բարբարոսություն» (1920 թ.). «Դիվանագիտության դիմակները» (1920 թ.), «Խաբվեցանք... բայց պետք չէ վհատինք» (1922 թ.) և այլն հոդվածներում արտացոլված են հայ ժողովրդին հուզող, հայկական հարցի հետ կապված իրադարձությունները։
Այդ տարիներին «Բազմավեպը» տպագրել է նաև հայ բանաստեղծների (Արսեն Երկաթ, Միհրան Շեխիկյան, Սիմոն Երեմյան, Մենասեր, Դանիել Վարուժան և ուրիշներ) ստեղծագործությունները ցեղասպանության վերաբերյալ։