top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Գևորգյան հոգևոր ճեմարանը, Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ Հիմնադրվել է 1874 թվականին, Վաղարշապատ քաղաքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի հարևանությամբ։

1866 թ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն։

Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874-ի սեպտեմբերի 28-ին։ Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն։

1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան։ Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան։

Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել։ Մ. Օրմանյանի ջանքերով 1888-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական։

Տարբեր տարիներ Ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք։ Դասախոսների մի մասը Ճեմարանի նախկին սաներն էին։

Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են։ Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով։

1917-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը։

1919–20-ին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն։

Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է Ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից։

1945-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվում է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները։

1995-ին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–97-ին հիմնովին վերանորոգվել։

1997–98 թթ. ուս. տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը։

1999 թ սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին։

2001-2002 թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։

Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։

2016 թ. հոկտեմբերին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին իրավունք շնորհեց ասպիրանտական կրթություն իրականացնելու համար:

#Գիտեքթե #Հայաստան #Կրթօջախ

20 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page