- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ֆրանսիացիները մարդասեր են, քաղաքավարի, պերճ և պանծալի, ուշիմ, ճարտարամիտ, քաջահմուտ բարձրագույն ուսման մեջ. քննող և հետախույզ գրոց, որի պատճառով էլ չափազանց աչալուրջ են և եթե մի վրիպակ են նկատում, գրով խայտառակում են: Աշխույժ են, զվարթամիտ, խորամանկ, հանդուգն, թեթևաբարո, դյուրաշարժ, կարճամիտ՝ զի երկար հուսալ չեն հանդուրժում, դյուրամոռաց, ինչպես զրկանքների, այնպես էլ բարերարությունների հանդեպ: Թափառական են և զբոսասեր: Ճարտար պատերազմական արվեստի մեջ: Հանդերձների մեջ փոփոխական, զի գրեթե ամեն տարի նորանոր ձևեր են ներմուծում իրենց զգեստների մեջ, կերակրի և ըմպելիքի մեջ փափուկ են համադամ:
Ֆրանսիայից դուրս ֆրանսիացիների հիմնական խմբերը բնակվում են Ֆրանսիայի նախկին գաղութներում (Ալժիր, Թունիս, Մարոկկո, Ռեյունյոն, Մադագասկար), ինչպես նաև ԱՄՆ–ում և Կանադայում։
Հավատացյալներն առավելապես կաթոլիկներ են, մասամբ՝ բողոքականներ (կալվինականներ)։
Ֆրանսիական ազգի ձևավորման մեջ վճռական խթան են եղել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և դրան նախորդած Լուսավորականության դարաշրջանը։ Շ․ Լ․ Մոնտեսքյոյի, Վոլտերի, Դենի Դիդրոյի, Ժան-Ժակ Ռուսոյի և ուրիշ լուսավորիչների փիլիսոփայությունը, ֆրանսիական դասական գրականությունը խորապես նպաստել են ծայրագավառներում ֆրանսիական գրական լեզվի տարածմանը։ Վարչական, դպրոցական կյանքի և այլ բնագավառներում կատարած հեղափոխական բարեփոխումները նպաստել են նահանգային տարբերությունների վերացմանը, ինչպես նաև հյուսիսֆրանսիական և պրովանսալական ժողովուրդների ձուլմանը միասնական ազգի մեջ։