- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՆՇԱՆ ԱԲԱՍՅԱՆ
«Բանաստեղծություն ձնծաղիկի, գարնան և հորս մասին»
Բանաստեղծություն ձնծաղիկի, գարնան, և հորս մասին, որ, դեռ ձնծաղիկը չծաղկած, դեռ գարունը չեկած, գիշերվա ժամին ցրտահար մատներով մոմ է վառում իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին, որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բանաստեղծություն Օբամայի, Մեդվեդևի և հորս մասին, որ համաշխարհային կարևորագույն հարցերով չի զբաղվում, այլ գիշերվա ժամին ցրտահար մատներով մոմ է վառում իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին, որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բանաստեղծություն բանաստեղծի, ընթերցողի և հորս մասին, որ ո´չ բանաստեղծություն է գրում, ո´չ ընթերցում է, որովհետև գիշերվա ժամին ցրտահար մատներով մոմ է վառում իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին, որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բամաստեղծություն հորս մասին. նրա ուսերին ձնծաղիկ է ծաղկում, գարուն է գալիս…
#Գրականություն #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #Ժամանակակիցգրողներ