- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդի տոնը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10):
Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական ս. պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:
Ծաղկազարդով մեկնարկվում է Ավագ Շաբաթվա տոնակատարությունների սկիզբը: Երուսաղեմում բոլոր տոնակատարությունները տոնվում են Հին Տոմարով: