- Ներսեհ Ա. Ա.
Դռնբացեքի արարողություն Երուսաղեմում

Դռնբացեքի արարողությունը պատկերավոր կերպով մեզ հիշեցնում է այս ժամանակների ավարտը և վերջին Դատաստանը: Այս արարողության խորհորհուրը գտնում ենք այս օրվա հատուկ «Բա՛ց մեզ, Տէ՜ր» շարականի մեջ:
Դռնբացեքի պատկերավոր կերպով կատարվող արարողությունը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն:
Երուսաղեմում Հին տոմարով Ապրիլի 1-ին, երեկոյան ժամը 5-ին, Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում կատարվեց այս տարվա Դռնբացեքի արարողությունը: Սուրբ Սեղանի փակ վարագույրի առջև, երեք հոգևորականներ՝ Տ. Ասպետ վարդապետ Պալյանը, Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը և Տ. Ներսեհ աբեղա Ալոյանը ծնկաչոք, երգեցին օրվա խորհուրդին հատուկ «Բա՛ց մեզ, Տէ՜ր» երգը և եկեղեցու բանալիով խփեցին փայտին, որը նշանակում է արքայության դռների թակելը, և հավատացյալների անունով պաղատեցին Աստծուն, որ իրենց թերությունների ու մեղքերի պատճառով այնպես չլինի, որ իրենց առջև փակ պահի արքայության դռները, այլ Իր Աստվածային անհուն սիրով ների բոլորի մեղքերը և մեզ ընդունի Իր հավիտենական թագավորության մեջ: Իսկ վարագույրի ետևում կանգնած Լուսարարապետ՝ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, փոխասացության ձևով պատասխանում էր և հիշեցնում ներկաներին, որ սա Աստծու արքայության դուռն է, որ կբացվի միայն նրանց դիմաց, որոնք ապաշխարությամբ ու հավատքով կդիմեն Աստծուն:
Եվ մինչ դպիրները միաբերան երգում էին. «Զողորմութեան Քո զդուռն բա՛ց մեզ, Տէ՜ր» շարականը, խորանի վարագույրը բացվեց, և միաժամանակ բացվեցին բոլոր պատկերների վարագույրները՝ բոլորին տեսանելի ձևով պատկերացնելով Աստծու արքայության լուսավորությունն ու փառքը: Բոլոր պատկերների վարագուրումը հատուկ է միայն Երուսաղեմին:
