top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

«Լույս զվարթ»

Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ… Եվ ո՛չ թե լույս երեկոյի, Ի մտանել արեգական, Այլ լույս զվարթ արդար գոյի` Շաղաոտըն առավոտի…

…Ծնրադրյալ Բնությունն է ելնում ոտի. Գիշերային ժամերգությունն է վերջանում: Եվ Լուսաբացն է մոտենում դանդաղորեն, Իբրև հսկիչ մի Լուսարար` Մարելով ու հանգցընելով Ամեն տեսակ լապտեր ու լամպ: Եվ արեգակն է բարձրանում Քրմապետի վսեմությամբ: Եվ ծույլ փռված ստվերները մարմնամսեղ Սկսում են կարծես իրենք իրենց մարսել` Մսաթափվում-նիհարում են, Հետզհետե դառնալով ձիգ Ու սլացիկ` Պարուհու պես մի թխամորթ: Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի, Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է Ինքը Արդար Արեգակը, Եվ հնչում է ա՛յն եղանակը պարզ ու բարդ, Որ հնչել է աստվածների ծննդի հետ. «Լո՛ւյս, լո՛ւյս զվարթ»…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ, Լույս զվա՜րթ ու գերազանցի՜կ, Լույս երգեցի՜կ ու նվագո՜ւն: Դու` առաքյալ ամենօրյա, Որ բերում է միայն հավատ, Բայց ի դերև հանում-վանում Եվ քողածածկ-ծպտյալ հույսեր: Դու` սուրհանդակ, բայց և կավատ, Դու` հետախույզ, բայց և մատնիչ, Բայց ամենից առաջ` միշտ սե՜ր Եվ ամենից հետո` միշտ սե՜ր…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ, Անձրևի պես Տեղա այնպե՛ս, Որ աշխարհում Լոկ մի՛-միա՜կ ստվեր մնա, Այն էլ միայն երկնի՛ վրա` Լոկ անձրևի՛ ստվերը կոր` Ծիածա՜նը…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ, Այնպե՛ս գործիր, Որ նկարիչ քո մատներով Վառեկներն իսկ, գունազարդված, Դառնան կարծես աքաղաղներ Ու վերերգեն յուրատեսակ` ծուղրուղուով` Ա՛յն եղանակը պարզ ու բարդ, Որ հնչել է աստվածների ծննդի հետ «Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ, Շաղվի՛ր, Մաղվի՛ր, Թաղվիր այնպե՛ս և այնքան խո՛ր, Որ մենք չապրենք` ինչպես ձուկը Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ, Որ քո հմուտ-ամենամուտ շողերի տակ Ծածկամիտ ջուրն անգամ դառնա անկեղծ-հստակ, Եվ անաղմուկ քո զարկերից ու քո տաքից Չթրծըված ամեն երազ իսկույն ճաքի, Ու վերերգվի մինչև անգամ ա՛յդ ճաքոցով Ա՛յն եղանակը պարզ ու բարդ, Որ հնչել է աստվածների ծննդի հետ. «Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ՊարույրՍևակ #Պոեզիա #Գրականություն

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում