- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հայ Առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:
Այդ պատճառով, եկեղեցիներում մատուցվում է սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42): Ամեն նման դեպքում ննջեցյալների վրա կենաց ցող է իջնում, որը մեծ ուրախություն է պատճառում երկնային զորքերին, նաև նրանց, ովքեր ուղիղ սրտով, ճշմարիտ հավատով, ողջամիտ հույսով և սուրբ սիրով հիշատակում են սրբերին, քանի որ հանգուցյալների հիշատակությունը մեծ շահ է և կատարյալ օգուտ:
Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները և պատվիրում քահանաներին օրհնել այն, որով ավետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսը: