- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«Օրը մթնեց»
Օրը մթնեց, ժամն է արդեն Իրիկնահացի, Տխրությունս կամաց-կամաց Փոխվում է լացի: Իջնում էին խոհուն, խոնարհ Դեզերի ուսին Մի կաթնահունց երկնակամար, Մի ծերատ լուսին… Մեկը մեկից ամաչելով, Եվ զուսպ, և հավաք, Նստում էին մերոնք կարգով՝ Կրտսեր ու ավագ: Նստում էին և սպասում, Մինչև պապը գար, Մինչև բակում Ծաղիկ եզան Զանգը ծլնգար: Պապը գալիս, սուփրի գլխին Նստում էր շուքով, Եվ լցվում էր տունը դաշտի Բույր ու շշուկով… Ու երբ տատս ձեռքն էր առնում Շերեփը իր հին, Գդալները բնազդաբար Աղմկում էին: Թանապուրի տաք գոլորշին Գերանին առնում, Եվ սյունն ի վար գլոր-գլոր Ուլունք էր դառնում: Վայելում էր տաք թանապուր, Լավաշ ու սամիթ Աշխատավոր մի գերդաստան՝ Պարզ ու միամիտ: Հիմա այդ մեծ գերդաստանից Ոչ մեկը չկա… Ես եմ մնում լոկ իբրև հուշ Եվ իբրև վկա: Օրը մթնեց, ժամն է արդեն Իրիկնահացի, Տխրությունս կամաց-կամաց Փոխվում է լացի:
#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Գրականություն #ՀամոՍահյան