top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Երուսաղեմի Միաբանական Ընդհանուր Ժողով


2018 թվականի մայիսի 1-2-ին, առավոտյան ժամը 10-ին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի խորհրդարանում տեղի ունեցավ Սուրբ Աթոռի Միաբանական Ընդհանուր Ժողովի 9-րդ նիստը: Ժողովը բացեց Պատրիարք Սրբազան Հայրը՝ Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը «Իմաստությունն Հոր Հիսուս» աղոթքով: Ատյանը բացվեց նախագահությամբ Ամենապատիվ Պատրիարք Սրբազան Հոր և Սուրբ Աթոռում գտնվող 25 Միաբան եղբայրներից 24-ի ներկայությամբ:

Որպես օրակարգ ներկայացված էր.

  • Միաբանական Ընդհանուր Ժողովի Դիվանի անդամների ընտրություն

  • Տնօրեն Ժողովի հինգ դադարյալ անդամների ընտրություն

  • Տնօրեն Ժողովի համարատվություն

  • Կրոնական ատյանի տեղեկատվություն

  • Հաշվետվություններ

Նախագահ Սրբազանը շնորհակալություն հայտնեց ներկա դիվանին նախորդ երկու տարիների իր գործունեության համար, ապա առժամյա Ատենապետ նշանակեց Տ. Ասպետ Վարդապետ Բալյանին և առժամյա Ատենադպիր նշանակեց Տ. Ներսեհ Աբեղա Ալոյանին:

Նոր երկու տարվա շրջանի համար իբր Միաբանական Ընդհանուր Ժողովի Դիվան ընտրվեցին՝

  • Տ. Բարսեղ Վարդապետ Գալեմտերյանը Ա. Ատենապետ

  • Տ. Թեոդորոս Վարդապետ Զաքարյանը Բ. Ատենապետ

  • Տ. Գևորգ Աբեղա Հայրապետյանը Ա. Ատենադպիտ

  • Տ. Աղան Աբեղա Գոգչյանը Բ. Ատենադպիր

Առժամյա Ատենապետ Տ. Ասպետ Վարդապետ Բալյանը շնորհավորելով նորընտիր Դիվանի անդամներին, հրավիրեց Ատենապետ Տ. Բարսեղ Վարդապետ Գալեմտերյանին՝ վարելու Միաբանական Ընդհանուր Ժողովի 9-րդ նիստը՝ ատենադպրությամբ Ա. Ատենադպիր Տ. Գևորգ Աբեղա Հայրապետյանի և Բ. Ատենադպիր Տ. Աղան Աբեղա Գոգչյանի:

Գաղտնի քվեարկությամբ քվեների բացարձակ մեծամասնությամբ Տնօրեն Ժողովի անդամներ ընտրվեցին.

  • Տ. Համբարձում Վարդապետ Քեշիշյանը

  • Տ. Թեոդորոս Վարդապետ Զաքարյանը

  • Տ. Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանը

  • Տ. Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը

  • Տ. Ներսեհ Աբեղա Ալոյանը

Միաբանական Ընդհանուր Ժողովի Դիվանը շնորհավորեց նրանց ընտրությունը և անցավ օրակարգի մյուս կետերին: Նախ ներկայացվեց Տնօրեն Ժողովի տեղեկատվությունը, ապա 2016-2017 տարիների հաշվետվությունը և 2018 և 2019 տարիների նախահաշիվները: Միաբան Հայրերը բծախնդրորեն քննեցին Տնօրեն Ժողովի, Կալվածոց և Ելևմտից Տեսչությունների տեղեկատվություններն ու հաշվետվությունները: Միաբանական Ընդհանուր Ժողովը գնահատանքով ընդունեց Տնօրեն Ժողովի և Ելևմտից Տեսչության տեղեկատվությունը և վավերացրեց 2016-2017 տարիների հաշվետվությունը:

Միաբանական Ընդհանուր Ժողովը իր ավարտին հասավ չորեքշաբթի, մայիսի 2-ի երեկոյան:

Ամենապատիվ Պատրիարք Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնելով բոլոր Միաբան Հայրերին և Միաբանական Ընդհանուր Ժողովի Դիվանին, շնորհավորեց Տնօրեն Ժողովի նորընտիր անդամներին և հաջողություն մաղթեց:

Միաբանական Ընդհանուր Ժողովի 9-րդ նիստը փակվեց Պատրիարք Սրբազան Հոր աղոթքով:

#ԼուրերԵրուսաղեմից #Երուսաղեմ #Պատրիարքություն #Աշխարհիշուրջ