top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Գետեր կան, որ կրում են կրկնակի, եռակի կամ ավելի անուններ, նայած տվյալ գետի վերին, միջին կամ ստորին հոսանքներում ինչ անուն ունեն, որ ժամանակում ինչ ժողովուրդ է ապրել, ով է իշխել այդ վայրերում և այլն: Ճորոխ գետը ակունքների մոտ կոչվել է Չորմայրի (մոտիկ լեռան անունից), ապա Մաստարա, Բաբերդ քաղաքի մոտ՝ Ճորոխ, հայկական աղբյուրներում կոչվել է Վոհ, անտիկ շրջանում՝ Ակամսիս:

Ռուսա Երկրորդը մ.թ.ա. 7-րդ դարում Արարատյան դաշտի Ազա երկրի մի գետից ջրանցք է տանում Քուերա անունը կրող Քուարլինի հովիտը (Էջմիածին): Այդ գետը նա իր արձանագրության մեջ անվանում է Իլդարունիա, որը Հրազդան գետի տեղական հին անունն է:

Հրազդան անունը հիշատակել է Խորենացին՝ «Վարաժնունյաց տուն՝ Հրազդան գետի ափին»: Այն, ինչպես նաև Քասախ, Մեծամոր, Ազատ, Ուրցաձոր, Արփա և այլ գետեր, հոսել են դեպի Արաքս: Անանիա Շիրակացին հիշելով այդ գետերի տեղադրությունը, Հրազդան գետի անունը չի տալիս, այլ օգտագործում է Ասպահեն անունը՝ «Ասպահեն գետ, այսինքն՝ Խոզմոր», որը խառնվում է Մեծամորին: Այս Ասպահենը ուներ և՛ Մեծամոր, և՛ Խոզմոր անունները: Մոր բառը ջուր է նշանակում: Խոզ կամ Հրատ մոլորակի անունն է որպես պաշտամունքի՝ պահապան ոգի տրվել Հրազդանին իբրև երկնային ջուր:

Հայերենի վրա պահլավերենի ազդեցության ժամանակաշրջանում Խոզմոր գետանունը փոխվել է իրանական Ֆրազդանա նոր անունով, իսկ ֆր-ը հայերենում հնչյունափոխվում է հր-ի, հետևաբար Ֆրազդանան հնչում է որպես Հրազդան:

Նոր պարսկերենի ժամանակ Հրազդանն ստացավ ևս մի նոր անուն՝ Մանգու (քարքարոտ գետ), Երևանի բարբառում այն տառադարձվել է Զանգու:

Այսպիսով՝ Իլդարունիա, Մեծամոր և Խոզմոր անունները տեղական են՝ հայկական, իսկ Ասպահեն, Հրազդան և Զանգու անունները օտարամուտ են, որոնք ժամանակի ընթացքում ընդունվել են որպես հայկական:

#Գիտեքթե #Բնաշխարհ #Հայաստան

19 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page