top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Գևորգ Հակոբյան անուն-ազգանունը քչերը գիտեն, փոխարեն աշխարհում չկա գեթ մեկ հայ, որ չիմանա նրա նշանավոր երգի այս տողերը` «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր»:

Գրող, հայոց լեզվի ուսուցիչ, բանահավաք Գևորգ (Ժորա) Հակոբյանը ծնվել է Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղում: Ծնողները գաղթել էին Արևմտյան Հայաստանից, Գևորգին ներարկել «էրգրի» կարոտը: Նրա գրչին են պատկանում «Մարաթուկ՝ Աստվածածին», «Մշո հարսներ», «Բանձրիկ սարեր» և բազմաթիվ այլ բանաստեղծություններ, «Ծովասարի կակաչները» վիպասքը:

«Քելե լաոն» 88-ի թեժ օրերին նոր կյանք առավ, հնչեց Ազատության հրապարակում, ծավալվեց, գնաց ու հասավ մինչև Արցախ, փոթորկեց զենք բռնած հայորդիների սրտերը, դարձավ ազատամարտ ու մեծ հաղթանակ:

Գևորգ Հակոբյանն իր ստեղծագործությամբ և հատկապես այդ ստեղծագործության թագն ու պսակը կազմող «Քելե լաո»-ով կարևոր դասեր է հղում մեզ` երբեք տուրք չտալ սեփական զգացողությունների գայթակղությանը, լինել այնպես բնական, ազնիվ ու պարզ, ինչպես ժողովուրդը, և ժողովուրդն անմիջապես կգնահատի դա և կհամարի իրենը:

Գևորգ Հակոբյանն իր կերպարով հիշեցնում էր միջնադարյան դպիրների, ովքեր իրենց կյանքի գերագույն խնդիրն էին համարում ոչ թե սեփական անձի ընդգծումը, այլ վերին ճշմարտությանը ծառայելն ու փոխանցելը սերունդներին: Այդ ազնվագույն մարդը վաստակել է հիշվելու և մեծարվելու պատվին:

Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր, Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ, Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար, Քելե՛, լաո, քելե՛ էրթանք մըր էրգիր:

Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա, Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա, Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա, Քելե՛, լաո, քելե՛ էրթանք մըր էրգիր:

Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին, Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին, Քարեր առանց մըզի արցունք կըթափին, Քելե՛, լաո, քելե՛ էրթանք մըր էրգիր:

Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին, Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին. Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր, Էլի՛, լաո, քելե՛ էրթանք մըր էրգիր:

#Գիտեքթե #Մեծեր #հայ

130 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page