top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայերենում րոպե և Րաֆֆի բառերը հասկանալի, պարզ, գործածական բառեր են: Հիշել, որ «րաֆֆի» նշանակում է «վսեմ», «ականավոր»: Բառն արաբական ծագում ունի:

Րոպե և Րաֆֆի բառերը բացի, հայերենում գործածվել է «րաբբի» բառը Եղիշե Չարենցի ակրոստիկոսներից մեկում, որը նվիրված է Արփենիկ Չարենցին: Բառը ր-ով է գործածվել ակրոստիկոսի պահանջով: Այդ բառը հայ մատենագրության մեջ ավելի շատ հանդիպում է ռ-ով: Ավետիք Իսահակյանն ունի «Ռաբբի Հիլյել» արձակ բանաստեղծություն:

Ներսես Շնորհալին (XII դ.) հայկական այբուբենի վրա հիմնված տաղ-շարականներում նույնպես անհրաժեշտաբար օգտագործել է ր-ով բառեր. րաբուն նշանակում է՝ վարպետ, տեր, րամ՝ երամ ձևի փոխարեն:

Այլ ձեռագրերում հանդիպում են րախ-ուրախի, րախճան-խրախճանի փոխարեն և այլն:

Հայոց բառարանները հիշում են մինչև 56 բառ, որ սկսվում են ր-ով: Դրանց մի զգալի մասը ռ-ով սկսվող բառերի ձևափոխում-տարբերակներն են:

Թե ռ-ով և թե ր-ով սկսվող բոլոր բառերի մեջ հազիվ թե գտնվեն բնիկ հայկական բառեր: Դրանք փոխառված են այլ լեզուներից:

Ռաբբին, ռաբունը փոխ է առնված եբրայերենից, րոպե-ն հին հունարենից, ռ-ով սկսվող շատ բառեր փոխ են առնվել իրանական լեզվախմբից՝ ռազմ, ռազմիկ, ռահվիրա:

Հայերենը չի սիրել և չի սիրում ր-ով բառեր սկսել: Եթե հարկ է եղել բառեր փոխ առնել այլ լեզուներից, սկզբում ավելացվել է ե կամ ա: Պահլավական րախ բառը հայերենում դարձել է երախ (բարբառում՝ ռեխ), րանգ-ը՝ երանգ (բարբառում՝ ռանգ), րագ-ը՝ արագ, րասան-ը՝ առասան, րատ-ը՝ առատ և այլն:

#Գիտեքթե

283 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում