- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Սերգեյ Մերկուրովի ստեղծած մոնումենտալ քանդակները կանգնեցվել են խորհրդային գրեթե բոլոր հանրապետություններում, բայց քանդակագործի ամենահայտնի հավաքածուն նրա կյանքի ընթացքում մահացած մարդկանց ու համաշխարհային առաջնորդների հետմահու դիմակներն են, որոնց թիվը գերազանցում է 300-ը։ Դրանց մեծ մասի կրկնօրինակները պահվում են Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, որը գտնվում է Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի անմիջական հարևանությամբ։
Քանդակագործ Մերկուրովի մասին շատ-շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ նա նաև գրել է: Մերկուրովը ոչ միայն լավ քանդակագործ է եղել, այլ նաև ուժեղ գրող: Թանգարանում ցուցադրված է մի գիրք, որը, ճիշտ է, հրատարակել է Մերկուրովի ծոռը, բայց գրել է քանդակագործը: Շատ լավ գրիչ է ունեցել ու այդ գործերին «քանդակաբար» է մոտեցել: Գիրքը նվիրված է այդ ժամանակների հայտնի մարդկանց: Հեղինակը մտադիր էր գիրքը վերնագրել «Քարե հրեշտակներ»: «Քարե հրեշտակներն» ունեն իրենց նախապատմությունը: Փոքր հասակում Մերկուրովի մայրը որդուն միշտ տարել է եկեղեցի ու, ցույց տալով եկեղեցու հրեշտակների քանդակները, վախեցրել է որդուն. «Նայի՛ր, եթե քեզ լավ չպահեցիր, այս հրեշտակները քեզ կտանեն»: Եվ այդ հրեշտակները միշտ ուղեկցել են տղային:
Ասում են նաև, որ Մերկուրովի մոտ մահացածների հանդեպ «հետաքրքրությունը» դեռ մանուկ հասակում է զգացվել։ Նրանց տունը գտնվում էր Ալեքսանդրապոլի հին գերեզմանների մոտ, ու տղան հաճախ տանից փախչում ու գնում էր գերեզմանոց՝ տեսնելու, թե ինչպես են այնտեղ վարպետները տապանաքարեր պատրաստում: Մերկուրովը մասնագիտական կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա Նախիջևանում։ Իր առաջին գործը` «օձերի պայքարը» ծաղկամանը, հենց այնտեղ է ստեղծել ու նվիրել խանի ընտանիքին, ապա ուսումը շարունակել է Կիևում: Եղել է եվրոպական շատ երկրներում: Ճիշտ է` այդ ընթացքում բացակայել է հայրենի Գյումրիից, բայց կապը միշտ պահել է՝ եկել-գնացել է նույնիսկ այն բանից հետո, երբ հայրը որդուն դուրս է արել տանից։
Սոցիալիստական ուսմունքով տարված տղան Ալեքպոլ գալով` հորը՝ առաջին գիլդիայի վաճառականին սկսել է սոցիալիստական ուսմունք, կապիտալիզմ ու մարքսիզմ բացատրել: Հայրը լսել-լսել ու ասել է. «Քո ասածով, փաստորեն, այն ամենը, ինչին հասել եմ, գողությամբ եմ հասել»: Հաջորդ առավոտ ծառան մտել է Սերգեյի սենյակ և փոխանցել հոր խոսքերը։ «Գնա՛, գողի տանն արդար մարդն իրավունք չունի ապրելու»,- ասել է նա ու Սերգեյին փոխանցել մի կապոց, որի մեջ փոխնորդ է եղել ու 40 ռուբլի գումար:
Տունը, որտեղ ծնվել է Սերգեյ Մերկուրովը, 1869 թվականին կառուցել է քանդակագործի պապը՝ Ֆյոդր Մերկուրովը:
Մերկուրովը ծնվել է Ալեքսանդրապոլում 1881 թվականին նոյեմբերի 7-ին Կարինից գաղթած վաճառական Դմիտրի Ֆեոդորի և Պարֆենա Քրիստաֆորի Մերկուրովների ընտանիքում: Չնայած պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ Մերկուրովները հույն են, բայց քանդակագործը միշտ նշել է իր հայկական ծագումը, ավելին` նա հունարեն ոչ մի բառ չի իմացել, բայց շատ լավ խոսել է հայերեն, այն էլ` բարբառով: Նախնական ու արհեստագործական կրթությունը ևս ապագա քանդակագործը ստացել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի):
Քանդակագործը 1950 թվականին, որպես տան միակ ժառանգ, կառույցը նվիրել է քաղաքին, իսկ 1984 թվականին այստեղ բացվել է քանդակագործի տուն-թանգարանը: Թանգարանում ցուցադրված են Մերկուրովի աշխատանքները, նրա փաստաթղթերն ու անձնական իրերը: Ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ճանաչված մարդկանց՝ Լև Տոլստոյի, Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Վլադիմիր Լենինի, Ալբերտ Էյնշտեյնի և ուրիշների հետմահու դիմակները: Հենց այս թանգարանում է պահվում նաև հենց նրա` քանդակագործի հետմահու դիմակը, որը ստեղծել է նրա աշակերտներից մեկը։