top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


1971 թվականի հենց այս օրը՝ հունիսի 17-ին, հարազատ գյուղից տուն վերադառնալիս մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը և նրա կինը` Նելլի Մենաղարիշվիլին, ավտովթարի ենթարկվեցին և մահացան։ Մահ կա, և ոչ ոք չի կարող խուսափել նրանից: Սակայն Պարույր Սևակը ունեցել է ոչ միայն, ժամանակից շուտ, այլև ոչ բնական մահով մեռնելու ներքին տագնապ: Բանաստեղծական մի շարք պատկերներում կարծեք Սևակը շոշափելիության չափ զգացել է նաև կոնկրետ մեքենայի վթարը՝ «Գուցե վթարվել մեքենայի պես, մաշվում եմ անվերջ», «Իսկ այս հուշե՜րը ...Ինչո՞ւ չեն կարող հանկարծ ենթարկվել ավտոաղետի...» «Մարդ պիտի մեռնելու էլ բախտ ունենա, ուր մնաց թե ապրելու: Որովհետև կա նաև սպանվել-հիմար մահով՝ մեքենայի վթարից»:

Եվ ամենից ավելի ցնցողն ու անհավատալին, ամառային այդ չարագուշակ օրվանից ընդամենը 14 օր առաջ հունիսի 3-ին Հայաստանի Գրողների միության համագումարում ներկաներին խնդրում էր իր թեկնածությունը հանել ՍՍՀՄ գրողների կայանալիք համագումարի պատվիրակների կազմից, այն պատճառաբանությամբ, թե ինքը «ֆիզիկապես ի վիճակի չի լինի մասնակցելու համագումարին»:

... Ավտովթարի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ հարցաքննվել են ականատես վկաներ, որոնց թվում եղել են Լենինգրադի երկրահանքաբանական գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներ, որոնք այդ օրերին հորատանցումներ են կատարել Վայքում, նրանք Սևակի ավտոմեքենայից 30-40 մետր հեռավորության վրա են ընթացել և նրանց «Ռաֆ» աֆտոմեքենայով Արարատ քաղաքի հիվանդանոց են տարվել արդեն մահացած բանաստեղծին և մահամերձ Նելլի Մենաղարաշվիլուն:

Գործի քննության ընթացքում երկար կիլոմետրեր՝ վազանցք անելով և ետ ընկնելով, Պ. Սևակի ավտոմեքենային հետապնդող վթարի «հարուցիչ» ինքնաթափ ավտոմեքենան համարվել է չեղյալ՝ վաղուց դուրս գրված և ավտոմեքենաների N գերեզմանոցում հանգչող երկաթյա «ննջեցյալ»:

Ապա թե Եղեգնաձորի Գետափ գյուղի բնակից ոմն Աղվան, որ վկաների պնդմամբ ինքնաթափի վարորդն է եղել, գործի քննության ընթացքում չի հարցաքննվել, իսկ վթարից մեկ տարի անց անհայտ հիվանդությունից մահացել է: Այղ Աղվանից հետո իրար հերթ չտալով, շուտափույթ,- ինչո՞ւ էին շտապում,- իրենց մահկանացուն են կնքել վթարի անմիջական իրազեկ հինգ վկաներ: Կասկածելու տեղիք տվող ևս մի կարևոր փաստ, այրելու միջոցով ոչնչացվել են Պ. Սևակի ողբերգական մահվան կապակցությամբ 1971 թ. հունիսի 17-ին հարուցված քրեական գործի բոլոր թղթապանակները: Հրաշքով, թե՞ պատահականությամբ պահպանվել է միայն բանաստեղծի միջնակ որդու՝ 13-ամյա Արմեն Ղազարյանի գրավոր ցուցմունքը, որտեղ նշված է, թե իր չորս անիվներով սատանայական ինչ «քայլեր» է կատարել բեռնատար ինքնաթափը՝ ստեղծելով վթարային իրավիճակ և պատճառ դառնալով Պ. Սևակի ավտոմեքենայի կործանարար շրջման:

Ո՞վ է 1971-ի հունիսի 17-ը,- բռնակալ մի արքա՞, ձեռքերը լվացող մի Պոնտացի Պիղատո՞ս, Հայաստանի կոմկուսի կենտկոմի մի պաշտոնյա՞, Մոսկվային մատնագիր հղած մի մատնի՞չ, թե... Ովքե՞ր են պահված և պարտակված 1971-ի հունիսի 17-ի մեջ...

1971-ի հունիսի 17-ը սև արկղ է, պետք է բացվի, միջի եղածը վերծանվի և ի լուր ամենքի և ապագա սերունդների հայտարարվի, և դա չափազանց կարևոր է, ոչ թե Սևակի կենսագրության համար, այլ այն հասարակարգի տակնուվրան հասկանալու համար, որի տիրապետության ժամանակներում բազում էի 1971-ի հունիսի 17-երը, շատ էին հաստ պատերը, որոնց խփվում էին լուսեղեն բաց ճակատներ, որոնցից մեկն էլ եղավ ինքը՝ Պարույր Սևակը:

Հ. Գ. Մեծ գրողի՝ Կոմիտասի անվան այգու պանթեոնում թաղվելու նրա ցանկությունը չի իրականացել, քանի որ ՀԿԿ Կենտկոմի բյուրայի որոշմամբ նրան հուղարկավորել են հայրենի գյուղում:

Թերևս հիմա բանաստեղծի ցանկությունն իրականացնելու և Կոմիտասի անվան պանթեոնում իր գրչակից ընկերների կողքին վերահուղարկավորելու ճիշտ ժամանակն է:

#Գիտեքթե #Մեծեր #ՊարույրՍևակ #Գրականություն #լեգենդ

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page