- Ներսեհ Ա. Ա.
Երուսաղեմի ԺՎ-ի և Ընծայարանի Տարվավերջյան Հանդես 2017-2018 ուսումնական տարի

Հունիսի 16-ին, երեկոյան ժամը 7-ին, նախագահությամբ Երուսաղեմի Առաքելական Սուրբ Աթոռի Լուսարարապետ՝ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի, տեղի ունեցավ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի Շրջանավարտից հանդեսը: Մինչև հանդեսի սկսելը վարժարանի բակում Ժառանգավորաց վարրժարանի և Ընծայարանի ուսանողները խմբանկարվեցին ուսուցիչների և Լուսարարապետ Սրբազան Հոր հետ: Հանդեսի բացման խոսքը վստահված էր Ընծայարանի շրջանավարտներից Տիրացու Սարվեն Պըչաքճըին, ապա ողջ երեկոյի ընթացքում Ընծայարանի հինգ շրջանավարտ Տիրացուները և Ժառանգավորաց Վարժարանի հինգ շրջանավարտ դպիրնեը հանդես եկան իրենց ուղերձներով, ասմունքով, մեներգերով ու խմբերգերով, ինչպէս նաև դաշնամուրային գեղեցիկ կատարումներով: Հանդեսի վերջում, տեսուչ՝ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը ներկայացրեց 2017-2018 ուսումնական տարվա տեղեկագիրը, ապա հրավիրեց Լուսարարապետ Սրբազան Հորը, որպեսզի հանձնի շրջանավարտների վկայականները, ինչպես նաև Վարժարանի և Ընծայարանի առաջադեմ աշակերտների մրցանակները: Լուսարարապետ Սրբազան Հայրը Վարժարանին մատուցած երկարամյա ուսուցչության համար Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի կողմից շնորհված մեդալը հանձնեց Օրիորդ Ֆրանսուհի Ավագյանին: Վկայականների և մրցանակների բաշխումից հետո տեսուչ Հայր Սուրբը հրավիրեց Լուսարարապետ Սրբազան Հորը, որ իր պատգամը փոխանցի շրջանավարտներին և կատարի իր փակման խոսքը:
Երեկոն վերջացավ Սուրբ Աթոռի Օրհներգով և Պահպանիչով, ապա ներկաները պատվեցին հյուրասիրությամբ:
Կատարում՝ Հարություն Բաբայան և Ժառանգավոր սաներ «Հավուն, Հավուն»
Կատարում՝ Արմենակ Մանուկյան, Իվան Ադամյան և Ժառանգավոր սաներ «Նոճիներ և Մայրիներ»
















