- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկայի ձեռագրերը դարձել են Իսրայելի Ազգային գրադարանի սեփականությունը։ Նման որոշում է կայացրել Իսրայելի Գերագույն դատարանը որով վերջ է դրել երկարատև դատաքննությանը։
Դատարանը մերժել է Ֆրանց Կաֆկայի կտակի ժառանգորդ Մաքս Բրոդի ժառանգորդների ներկայացրած բողոքարկումը։ Գրողը Բրոդին է կտակել իր ձեռագրերը 1924 թ.-ին և խնդրել է դրանք այրել իր մահից հետո։ Սակայն Բրոդը չի կատարել նրա խնդրանքը և 1939 թ.-ին իր հետ է վերցրել ձեռագրերը, երբ կնոջ հետ տեղափոխվել է Պաղեստին` փախչելով նացիստներից։
2008 թ.-ից Թել Ավիվում շարունակվում էր Կաֆկայի ձեռագրերի սեփականատերերի, Իսրայելի Ազգային գրադարանի և իսրայելական պետության միջև դատաքննությունը։
Ձեռագրերը պատկանում են նաև Եվա և Ռուֆ Հոֆե քույրերին։ Ձեռագրերը նրանց են հասել Մաքս Բրոդից, որը Կաֆկայի մահից հետո դարձել է գրողի կենսագիրն ու նրա ստեղծագործության ուսումնասիրողը։
Մահից առաջ Բրոդը 1968 թ.-ին Կաֆկայի արխիվները հանձնել է քարտուղարուհուն` Էսթեր Հոֆեին, որը դրանք կտակել է իր աղջիկներին` Եվային և Ռուֆին։ Կանայք դատարանում պնդել են, որ Կաֆկայի ձեռագրերը Բրոդը նվիրել է իրենց մորը, և պահանջում են իրենց թողնել թանկարժեք արխիվները։
Էսթեր Հոֆեին հաջողվել է 2 մլն դոլարով վաճառել Կաֆկայի «Պրոցես» վեպի ձեռագիրը։
«Մաքս Բրոդը չէր ցանկանում, որ նրա սեփականությունը վաճառվեր հնարավորինս բարձր գնով, նա ուզում էր դրա համար պատշաճ վայր գտնել մշակութային և գրական հաստատությունում»,- ասվում է դատարանի հայտարարությունում։