- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Կար ժամանակ, որ Երևանի գլխավոր փողոցներից մեկը` Արմյանսկայան, Ստալինի անունով էր կոչվում։ Այստեղ միհարկանի և երկհարկանի տներ էին` այգիներով շրջապատված, որոնք հետագայում կտրեցին, և սկսվեց Ստալինի պողոտայի լայնածավալ շինարարությունը` «ստալինյան» հինգհարկանի շենքերով։
Ստալինը, ավելի ճիշտ` առաջնորդի բրոնզե քանդակը, նայում էր հենց պողոտային։ Քանդակը տեղադրվել է 1950թ-ին (հեղինակներն են Սերգեյ Մերկուրովը և Ռաֆայել Իսրայելյանը)։ Ավելի ուշ, երբ Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքը վերացավ, հուշարձանը հանեցին, պողոտան էլ կոչվեց Լենինի անունով, շատերին թվաց, որ այդտեղ կհայտնվի Վլադիմիր Իլյիչի հուշարձանը, բայց հնգամյա դատարկությունից հետո` 1967 թ-ին, որոշվեց տեղադրել «Մայր Հայաստան» քանդակը, որի հեղինակը նկարիչ-մոնումենտալիստ Արա Հարությունյանն էր։
«Մայր Հայաստան» հուշարձանի նախատիպ է դարձել սովորական մի աղջիկ` Եվգենիա Մուրադյանը, որը նվաճել է մեծ քանդակագործ Արա Հարությունյանի սիրտը և ոգեշնչման աղբյուր դարձել։
Եվգենիան հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է բանջարեղենի խանութում մի տղամարդ անթարթ նայել նրան, հետո մոտեցել է Եվգենիային ու նրա մորը, պատմել քանդակի ստեղծման ծրագրի մասին և աղջկան առաջարկել բնորդուհի դառնալ։
«Նա խնդրեց մորս թույլ տալ կեցվածք ընդունել իր արվեստանոցում։ Մայրս վրդովված մերժեց այդ առաջարկը. այդ տարիներին ընդունված չէր, որ երիտասարդ աղջիկը (իսկ ես այդ ժամանակ 17 տարեկան էի) բնորդուհի լինի։ Երբ տանը պատմեցինք այդ հանդիպման մասին, պարզվեց, որ մեզ հանդիպած մարդը եղել է եղբորս ղեկավարը` հայտնի քանդակագործ Արա Հարությունյանը, որի մասին եղբայրս մեծ հարգանքով խոսեց և առաջարկեց ինձ հետ գալ արվեստանոց»,- պատմել է նա։
Ու աղջիկը որոշել է բնորդուհի դառնալ։ Ընդհանուր առմամբ վեց անգամ է եղել արվեստանոցում ու ապշել է, երբ տեսել է գիպսե ծեփապատճենի ավարտուն տեսքը։
«Նկարիչը խորաթափանցորեն տեսել և արտահայտել էր այն, ինչ թաքնված էր իմ մեջ, այն, ինչ անհասկանալի էր նույնիսկ ինձ համար»,- խոստովանել է նա։
1988թ-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ քանդակը սկսել է ճոճվել։ Թանգարանի աշխատակիցները շատ են վախեցել, վազել են դուրս, բայց ավելի սարսափելի տեսարանի են ականատես դարձել. «Մայր Հայաստանն» այսուայն կողմ է ճոճվել։ Անտոնյանի խոսքով` բնական աղետից հետո ոչ ոք այդպես էլ չի ստուգել քանդակի ամրությունը… Հուշարձանի պատվանդանի վրա մինչև հիմա էլ պահպանվել են խորհրդային խորհրդանիշներն ու նախշերը։ Այսօր էլ մարդիկ ու մասնագետները զարմանում են, թե ինչպես են խորհրդային տարիներին նման մեծ հուշարձան տեղադրել։ Անտոնյանը պատմեց, որ վերջերս փորձել են լվանալ հուշարձանը, բայց անգամ ժամանակակից սարքավորումներով չեն կարողացել լիովին մաքրել 56-մետրանոց քանդակը։