top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Վրաստանում հայերը բնակվել են Անիի թագավորության անկումից հետո, որի բնակիչները մեծամասամբ գաղթել են Թիֆլիս և հաստատվել ներկա Հավլաբարի շրջանում։ Ընդ որում` հայերին Վրաստան են հրավիրել վրացական կառավարիչները։ Նրանք հայերով բնակեցրել են Քարթլի, Կախեթի շրջանները։ Այդ ամենը տեղի է ունեցել փոխշահավետ պայմաններում։ Վրաստանը նրանց բարենպաստ պայմաններ է տրամադրել կյանքի համար, հայերն էլ աշխատել և արարել են նոր հայրենիքի բարօրության համար, յուրացրել արհեստներ, կառուցել տներ, զարգացրել առևտուրը, տնտեսությունը, մշակույթը։ Վախթանգ արքան, Դավիթ Շինարարը, Թամար թագուհին, Հերակլ Երկրորդը հայերին վերաբերվել են հատուկ համակրանքով և նրանց հատուկ իրավունքներ և առավելություններ տվել։ Թբիլիսիի ունևոր հայերը ստացել են պատվավոր քաղաքացու` մոկալակի կոչում։ Այդ կոչումը ստանալու գլխավոր չափանիշներն էին քաղաքացու ծագումը, ունեցվածքի և կապիտալի մեծությունը, ինչպես նաև արքայական պալատում ծառայության անցնելը։ Արքաները մոկալակներին հատուկ ուշադրություն և հարգանք են ցուցաբերել։ Հայերը Վրաստանում ավանդաբար թե՛ արքաների օրոք, թե՛ ավելի ուշ, երբ երկիրը դարձել է Ռուսական կայսրության մասը, բարձր պաշտոններ են զբաղեցրել և հարգանք վայելել։ Ի դեպ, Թբիլիսիի քաղաքագլուխներն առավելապես հայեր են եղել։ 1841թ-ին առաջինը Թբիլիսիում ընտրվել է հայ Իզմիրը։ Մինչև բոլշևիկների իշխանության գլուխ անցնելը վերջին քաղաքապետը եղել է Խատիսովը (1909-1917թթ.)։ Այդ պաշտոնը զբաղեցրած քաղաքապետերից յուրաքանչյուրը հավատով և ճշմարտությամբ ծառայել է քաղաքին։

Մեկը կառուցել է Միխայիլովյան արհեստագործական ուսումնարանը, մյուսը` կամուրջներ և խողովակաշարեր, տրամվայի գծեր։ Ի դեպ, Խատիսովի օրոք անցկացվել է կոյուղի, ասֆալտապատվել է քաղաքը, և փողոցները գազային լուսավորություն են ստացել։ Թբիլիսիի քաղաքային դումայում պատգամավորների մեծամասնությունը հայ է եղել։ Մեկ գիրքը անգամ չի բավարարի պատմելու, թե հայերը և հայ բարերարները Թբիլիսիում և նրա սահմաններից դուրս որքան տներ, ձեռնարկություններ, թատրոններ, դպրոցներ, հիվանդանոցներ են կառուցել։

#Գիտեքթե #Ազգեր #Աշխարհիշուրջ

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page