- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հայտնի «Hallelujah» երգի հեղինակը կանադացի աշխարհահռչակ երաժիշտ և բանաստեղծ Լեոնարդ Քոհենն է: Երգն առաջին անգամ թողարկվել է Քոհենի «Various Positions» յոթերորդ ստուդիական ալբոմում։ Ստեղծագործությունը ներկայացվել է 1984 թ-ին։ «Hallelujah»-ի գոյության ամբողջ ընթացքում ձայնագրվել է երգի ավելի քան 200 տարբերակ, այն երգել են տարբեր լեզուներով։ 2012 թ-ին հարցազրույցներից մեկում երաժիշտն ասել էր, որ մինչև հիմա չի հոգնել «Hallelujah» երգի քավերներից և շատ ուրախ է, որ այն շարունակում են երգել։
Երգը սկզբում մեծ հաջողության չի հասել։ Ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել Ջոն Քեյլի վերակատարումը, որի հիման վրա ավելի ուշ Ջեֆ Բաքլին ձայնագրել է իր տարբերակը։ Երգը օգտագործվել է նաև որպես ֆիլմերի և հեռուստահաղորդումների սաունդթրեք:
Նախքան «Hallelujah»-ի վերջնական տարբերակը գրելը՝ Քոհենը ստեղծել է տեքստի գրեթե 80 տարբերակ: Դրանց մի մասը հեղինակը գրել է Նյու Յորքի «Ռոյալտոն» հյուրանոցում գտնվելու ժամանակ՝ միայն անդրավարտիքով նստած գետնին և գլխով հարվածելով հատակին: Արդեն պատրաստ տեքստը ընդգրկում էր աստվածաշնչյան որոշ հատվածներ՝ հիմնված Սամսոնի և նրան դավաճանած Դալիլայի պատմության («...և նա կտրեց քո մազերը», անգլ.՝ ...she cut your hair), նաև անհավատարիմ Դավիթ արքայի և նրա կնոջ՝ Վիրսիվայի («Դու տեսել ես՝ ինչպես է նա լողանում տանիքին. նրա գեղեցկությունը և լուսնելույսը տապալեցին քեզ», անգլ.՝ You saw her bathing on the roof, Her beauty in the moonlight overthrew you), պատմությունների հիման վրա:
Երգի թողարկումից հետո 1984 թվականին Քոհենը իր շուրջերկրյա հյուրախաղերի ժամանակ կատարեց երգի օրիգինալ տարբերակը, սակայն 1988 և 1993 թվականների շրջագայությունների ժամանակ համարյա միշտ կատարվում էր երգի փոփոխված տարբերակը, միայն վերջին տունը միշտ անփոփոխ մնաց («Hallelujah»-ը ուրիշ տեքստով կարելի է լսել Cohen Live: Leonard Cohen in Concert համերգային ալբոմում): Այլ երաժիշտներ, որոնք կատարում են երգի քավր-տարբերակները համերգներին կամ ձայնագրում այն, սովորաբար միախառնում են տեքստի մի քանի տարբերակներ, երբեմն էլ փոխարինում այն սեփական տարբերակներով: