- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին Վրաստանի առաջին քրիստոնեական եկեղեցին է: Կառուցվել է 13-րդ դարում դեռ 7-րդ դարի Սուրբ Գևորգի Բերդ եկեղեցու տեղում: Եկեղեցին վերակառուցվել է 2013-2015թթ.-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի նախաձեռնությամբ՝ հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և ուրիշների աջակցությամբ: Եկեղեցին յուրահատուկ էներգետիկա և մթնոլորտ ունի, առանձնահատուկ կոլորիտ են հաղորդում վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերված որմնանկարնները, դրանցից ամենահները պատկանում են 14-15-րդ դարերին:
Թբիլիսիի տաճարի պատերը նկարազարդված են Հին կտակարանի պատմություններով, այստեղ պատկերված են թե՛ «Ադամի և Եվայի դրախտից վտարումը», թե՛ «Գայթակղումը», որոնք պատկանում են Հովնաթանյան նկարիչների տոհմին: Գմբեթի տակ պատկերված է Քրիստոսի դեմքը, որի կողքին գտնվում են առաքյալները: Ավելի ուշ շրջանի որմնանկարները նկարել է 20-րդ դարի սկզբի հայ գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:
Եկեղեցին փոխվել է նաև դրսից. նախկին սվաղի փոխարեն պատերը ծածկվել են աղյուսով:
Սուրբ Գևորգը կառուցվել է 1251թ-ին իշխան Ումեկի միջոցներով, որը ծագումով Մանազկերտից էր: Նա մեծահարուստ վաճառական էր Կարին (այժմ՝ Էրզրում) քաղաքում, որ ընտանիքի հետ տեղափոխովել է Տփխիս (այժմ Թբիլիսի), երբ 1242թ-ին Կարինը ենթարկվել է մոնղոլների արշավանքին:
Պատմաբանների կարծիքով՝ Ումեկը պատահական չի ընտրել եկեղեցու վայրը, քանի որ Սուրբ Գևորգից առաջ 631 թ-ին այդ տեղում եղել է Սուրբ Գևորգի Բերդ եկեղեցին:
Վիրահայերը եկեղեցին կառուցել են վրացական և հայկական եկեղեցիների պառակտումից հետո, որը տեղի է ունեցել 607 թ-ին: Մինչև պառակտումը եկեղեցին միասնական էր, իսկ վրացի քահանաները ձեռնադրվում էին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում: Հայկական և վրացական եկեղեցիների բաժանումը Վրաստանի կաթողիկոս Կյուրիոն 1-ինի քաղաքական որոշումն էր. վրացական հոգևորականությունը ցանկանում էր հարել առավել հզոր Բյուզանդիային:
13-րդ դարում Սուրբ Գևորգ Բերդը կիսավեր էր, և հենց այդտեղ Ումեկը կառուցեց գմբեթավոր դահլիճ ունեցող մի եկեղեցի, որը տարածված էր Հայաստանում 7-րդ դարից (Զովունի, Պտղնի, Արուճ): Այս եկեղեցիներում գմբեթը բարձրանում է կենտրոնական չորս հզոր որմնասյուների վրա։
Սուրբ Գևորգ եկեղեցին այսօր Վիրահայոց թեմի նստավայրն է: Եկեղեցուն հարող տարածքում տարբեր ժամանակներում մի շարք նշանավոր հայ գործիչներ են թաղվել։ Կառույցի վերանորոգման ժամանակ գտել են աճյուններ, որոնք վերահուղարկավորվել են քրիստոնեական ծեսի համաձայն: Այստեղ են թաղվել աշուղ Սայաթ-Նովան, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, ռուսական բանակի հայ զորահրամանատարներ կոմս Միխայիլ Լորիս-Մելիքովը, Հովհաննես Լազարյանցը, Արշակ Տեր-Ղուկասովը և Բեյբութ Շելկովնիկովը, ինչպես նաև ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գևորգ Սերայդարյանն ու այլ նշանավոր մարդիկ: