- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծնողները երաժիշտներ չեն եղել, բայց արվեստի հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը միշտ առկա էր նրանց տանը:
1947 թ.-ին ներգաղթյալների մեծ հոսքի հետ հայրենիք է տեղափոխվում նաև Տիգրանենց ընտանիքը: Առաջին 10 տարին նրանք բնակություն են հաստատում Արթիկի Պեմզաշեն գյուղում: Շիրակի քարքարոտ դաշտավայրում սուղ էին սփյուռքից գաղթած հայ ընտանիքի պայմանները: Ծնողների հետ ընտանիքի ավագ զավակը՝ պատանի Տիգրանը, աշխատում էր թեթևացնել հոգսը: Շրջիկ լուսանկարիչ հոր հետ պտտվում էր Արթիկի գյուղերով և օգնում նրան օրվա հացի գումար վաստակել: Մինչև 1956 թվականը, այսինքն մինչև Երևան տեղափոխվելը, Տիգրան Մանսուրյանը հաջողացնում է մի կարճ ժամանակ սովորել Լենինականի երաժշտական ուսումնարանում: Իսկ օգտվում էր գյուղի միակ՝ ակումբում գտնվող դաշնամուրից, ու չկար մեկը, որ ուղղություն ցույց տար: Մաեստրոն հիշում է, որ սկզբում, երբ դեռ ուսումնարան էլ չէր գնում, հաճախ նստում էր ակումբի դաշնամուրի մոտ ու փորձում նվագել: Հենց այդ ժամանակ ինքնուրույն սովորել է նոտաները, ինչը հետո խիստ զարմացրել է ուսուցիչներին:
Ի հավաստումն իր մեծ սիրո՝ կոմպոզիտորը կնոջն է նվիրել իր հոգուց ծնված մի սքանչելի գործ, ամենասիրելի ստեղծագործություններից մեկը: Չարենցով տարված կնոջը Տիգրան Մանսուրյանը նվիրել է չարենցյան երաժշտական շարքը:
Տարբեր ոճերի ստեղծագործություններ ունի Տիգրան Մանսուրյանը՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ, բայց լայն հասարակությունը առաջին հերթին ճանաչում ու սիրում է ֆիլմերի համար գրած նրա հոգեթով երաժշտությունը:
Չնայած արտասահմանում երաժշտական աշխարհի մեծ հետաքրքրությանը, աշխատանքային հրավերներին՝ Տիգրան Մանսուրյանն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում: Նա ուղնուծուծով հայ է, պաշտում է այն ամենը, ինչ հայկական է, ներշնչվում է մեր ոսկեղենիկ լեզվից ու գրականությունից: