top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Դու իմ Դորիան Գրեյն ես, ես` քո դիմանկարը, քաղա՛ք. տարիները խորշեր են թողնում ու կնճիռներ դեմքիս, իսկ դու մնում ես միշտ նույնը ու ջահել: Մեր մանկության բարի կախարդով հեքիաթն էինք մենք նկարում նրբանցքներում ու այգիների ճեմուղիներին, հենց մարդկանց ոտքերի տակ, մինչև պատանեկության մեր երազի ժամանակը եկավ և այն սկսեցինք նկարել քո ձեռնահաս երկնքում. մի ոսկե քաղաք էր, մի բարակ աղջիկ, և մեր սիրտը` բերնեբերան սիրով լցված, ու հանկարծ մի գիշեր հեքիաթի չար դևը գողացավ աղջկան: Հետո դափ-դատարկ իջանք փողոց ու իրականություն, ի՜նչ հեշտ էր բռնվում պահը ու ամեն փախչող բան, գարեջրի դատարկ շշերն էինք համբույրների հետ նետում գետը, երիտասարդ, անհագ կյանքը շուրջօրյա էր ու անգիշեր: Այդպես մեր սերերն էինք փափուկ օրորում` սիզամարգի կանաչին պառկած, ու երբեմն էլ հիշում անցյալի երազը, որ ամպերի մեջ է քնել, և աստղերի վրա ինքնագրեր թողնում չար դևի գողացած աղջկա համար: Քանի դեռ կա այս հեքիաթը` էլ մեր ի՞նչ ցավն է, երբ հին մարդիկ ծեր ու հոգնած թնկթնկում են, թե սա մեր քաղաքը չէ, մերը մնաց երեսպատման սալիկների տակ ու հիշողության սարդոստայնում է խճճվել. համոզված էինք, որ ես ու դու համաչափ հասակով ենք բարձրանում և իջնելու ենք նույն կորագծով` ձեռք-ձեռքի տված: Հիմա, երբ ցնդել է տեսիլքը պոետական, տարիները ծերություն են գծում քո տեսքով իմ դեմքին, իսկ դու` իմ ոգին կրծքիդ տակ` մնում ես միշտ ջահել. ես քո դիմանկարն եմ, դու իմ Դորիան Գրեյը, քաղաք:

#Պոեզիա #ՀուսիկԱրա #Ժամանակակիցգրողներ #Ոչմիօրառանցբանաստեղծության

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page