- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Նավակատիքը կամ Նավակատիկը, կրոնական իմաստով՝ նորաշեն տաճարի, եկեղեցու, ավելի լայն իմաստով՝ տան, ամեն նորի բացման, տարեդարձի ու նվիրագործության հանդեսն է։ Նավակատիք է նոր ավարտված եկեղեցու առաջին նվիրագործությունը, ինչպես նաև՝ նվիրագործության տարեդարձը։ Հայ եկեղեցին նավակատիքները սկսել է կատարել կամ հիշատակել մեծահանդես տոների նախընթաց օրերին, շաբաթապասի վերջին։ Նավակատիքով պահքի խստությունը մեղմացվում է՝ առանց այն ամբողջովին վերացնելու, այսինքն՝ մսեղենը խստիվ արգելելով՝ ներվում է ձկնեղենի ու կաթնեղենի կիրառությունը Պատարագի մատուցումից հետո։ Դրանից ելնելով էլ՝ մեղմացված պահքի կերակուրը նույնպես նավակատիք է կոչվում։ Այդպես է նաև Հայ եկեղեցու հինգ տաղավար տոների նախընթաց օրերին։ Այսինքն՝ Վարդավառի, Աստվածածնի Վերափոխման ու Խաչվերացի նախընթաց շաբաթ օրերին, առավոտյան Պատարագից հետո, իսկ Ս. Ծննդյան ու Ս. Զատկի ճրագալույցներին, երեկոյան Պատարագից հետո կաթնեղեն ու ձկնեղեն գործածելը նույնպես Նավակատիք է նշանակում։ Նավակատիքը իբրև առանձին տոն նշվում է Խաչվերացի տոնի նախընթաց շաբաթ օրը, IV դ. բյուզանդական կայսրուհի Հեղինեի նախաձեռնությամբ Երուսաղեմի Սուրբ Հարություն մեծ տաճարը շինվելուց հետո այն նվիրագործելու և օծելու տարեդարձի օրը, որն ամբողջ քրիստոնյա աշխարհի համար կարևոր հիշատակ է։