top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:

Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից: Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ Երուսաղեմ, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ: Նրանց թվում գերեվարվեց նաև Զաքարիա հայրապետը: Ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Այնուհետև Հերակլ կայսրը ճակատամարտում հաղթեց, Խոսրովը սպանվեց, իսկ նրա բանակի մնացորդը փախավ: Սուրբ Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տոնի հաստատման համար:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

#Տոն #Գիտեքթե #Ծես

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում