Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


20-րդ դարասկզբին Բրոդվեյի թատերական բեմահարթակներում փայլող աստղ Ֆլորա Զաբելը (Flora Zabelle) ծնվել է 1880 թվականին Կ.Պոլսում՝ ամերիկյան «Ռոբերտ» քոլեջի շրջանավարտ, հետագայում ճանաչված ամերիկահայ գրող, պատմաբան, աստվածաբան և փիլիսոփա Մանգասար Մանգասարյանի և Ագապի Ալթունյանի ընտանիքում:

Զաբելը դեռ մեկ տարեկան էլ չկար, երբ հայերի դեմ սկսված հետապնդումների պատճառով Մանգասարյանները 1881-ին Օսմանյան Թուքիայից տեղափոխվեցին Ամերիկա` հաստատվելով սկզբում Ֆիլադելֆիա քաղաքում, իսկ հետո՝ Չիկագոյում: Այստեղ են ծնվում Զաբելի եղբայրներն ու քույրը՝ Արմենը, Քրիստինեն և Գևորգը: Բնույթով աշխույժ, մանկուց տնեցիների համար մշտապես երգող, պարող և բեմադրություններ կազմակերպող Զաբելը հաճախում է երաժշտական դպրոց: Ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ ընտանեկան ավանդական շրջանակները շատ նեղ են նրա վառ ստեղծագործական խառնվածքի համար:

Զաբելի միակ երազանքն էր մեծ բեմի դերասանուհի դառնալը: Եվ ահա 19 տարեկանում, դժվարությամբ ստանալով ծնողների համաձայնությունը, նա համարձակ որոշում է կայացնում մեկնել Նյու Յորք՝ բառացիորեն նվաճելու Բրոդվեյը: Դերասանական և երաժշտական բացառիկ տաղանդը, գեղեցիկ սոպրանոն, արևելյան ինքնատիպ արտաքինը և գումարած եռանդուն նպատակաուղղվածությունը շուտով հաջողություն են բերում երիտասարդ աղջկան բրոդվեյյան մի շարք ներկայացումներում:

1905 թվականին Ֆլորա Զաբել բեմական անունով կատակերգական ժանրի արդեն ճանաչված դերասանուհին ամուսնանում է Բրոդվեյի մյուզիքլների աստղ Ռայմոնդ Հիչքոկի (Raymond Hitchcock) հետ: Ամուսնական զույգը միաժամանակ և հաջողությամբ խաղում էր միասին թատրոնում, և համատեղ բեմադրություններ էր իրականացնում: Բրոդվեյի թատրոններում Զաբելը ընդհանուր առմամբ խաղաց 14 մյուզիքլներում:

Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոկը դարձավ նաև առաջին կին դերասանուհիներից մեկը ամերիկյան համր կինոյում՝ խաղալով մի շարք կատակերգական ֆիլմերում: Նրա առաջին ֆիլմերն էին 1915 թվականին նկարահանված «Օղակապոչ ռնգեղջյուր» ("Ringtailed Rhinoceros") և «Գյուղական վիճաբանություն» ("Village Scandal") ֆիլմերը: Հատկապես մեծ հաջողություն ունեցավ 1916-ին նկարահանված «Կարմիր այրի» ("The Red Widow") կինոնկարը, որտեղ Զաբելի զուգընկերն էր հանրահայտ դերասան Ջոն Բերիմորը: Այսպիսով, Ֆլորա Զաբելը փաստորեն հանդիսանում է նաև առաջին հայ կինոդերասանուհիներից մեկը:

1929 թվականին մահանում է Ռայմոնդ Հիչքոկը, և ամուսնու մահից հետո Զաբելն արդեն հազվադեպ է երևում բեմում՝ նա սկսում է զբաղվել բեմական հագուստի դիզայնով: Ֆլորա Զաբելը մահացավ 1968-ին Նյու Յորքում՝ 88 տարեկան հասակում:

#Ֆիլմ #Աշխարհիշուրջ #Մեծեր #Գիտեքթե #հայ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now