- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հոռոմայրի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք: Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա: Առաջին խմբի գլխավոր Սուրբ Նշան միանավ թաղածածկ եկեղեցին 1187-ին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները` բազալտե սրբատաշ քարից: Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Հիսուսի շքեղ բարձրաքանդակն է, իսկ դռան կողքերին` Միքայել և Գաբրիել հրեշտակապետերն` ամբողջ հասակով: Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290-ին: Սուրբ Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201-ին կառուցվել է փոքրիկ մատուռ: Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ.), որից քիչ հեռու պահպանվել են Սուրբ Առաքյալ մատուռի (1216 թ.) ավերակները: Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` 13-րդ դ. խաչքարերով ու տապանաքարերով: Սարահարթի կառույցների խմբում են երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը: Շինարարական արձանագրությունը պահպանվել է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային մուտքի կիսակամար շրջանակի վրա: Արևելյան պատուհանի բարավորի վրա հիշատակվում է կառուցող վարպետի անունը՝ Գրիգոր քարագործ: