Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


17-րդ դարի վանք-ամրոց Խոր Վիրապը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա:

Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

1970-1980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

#Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #Սրբավայր #մշակույթ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now