- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
* * * Չմնաց իմ մեջ և ոչ մի կրակ,
Եվ մոխիրն անգամ տարավ չար քամին,
Ամեն ինչ՝ ավեր, փշրված հրաշք,
Ամեն ինչ՝ անգույն, անձև, անմարմին...
Աչքերս անվերջ ցավով են այրվում,
Ինձ երազներս լքել են իսպառ,
Առավոտներս հազիվ արարվում-
Եվ մահանում են անձայն ու անբառ:
Ինչ որ կիթառի ձայներ եմ լսում,
Մի երգ է հնչում, հասնում ականջիս,
Բայց սիրտս, ափսոս, ոչինչ չի զգում,
Սև ծուխն է տեսնում մթին տանջանքիս:
Ո՞վ է ինձ այսպես կյանքում խարանել,
Մրուրով պատել կյանքիս երթուղին,
Ո՞վ է իմ գինուն թույն ու մաղձ խառնել,
Եվ ամպրոպ խառնել՝ կարոտիս շողին:
Չորսդիս վայելքի շունչ է հրակեզ,
Բայց իմ կյանքն, ավաղ, ցավով է հաստված,
Ես քեզ ի՞նչ ասեմ, ինչ անուն տամ քեզ,
Ինձ խաչին հանած, իմ անխիղճ Աստված: