- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀԱԳՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Voca Me
Ինձ կիսող պատի երկու կողմերում
Ոչ ոք չմնաց արդեն կենդանի,
Եվ օրացույցի ներհակ զնդանից
Չկամությամբ են օրերը ելնում:
Եվ օրացույցի ներփակ շրջանից
Դև ու ջրահարս, չարք ու բարեկամ
Ելնում են դանդաղ նույն չկամությամբ
Ու ինձ հեզանազ հրաժեշտ տալիս:
Հողեղեն գոյի ցուցափեղկերից
Մանեկեններ են լալիս ժպտադեմ,
Մի ձեռքում՝ սառույց, մյուսում՝ կավիճ,
Ու կատարյալ է անցյալը արդեն:
Իսկ հարակատար ներկայում ահա,
Ուրկից Երկիրը լավ չի երևում,
Քեզ եմ սպասում ես շունչս պահած:
Տաք կհագնվես. ցուրտ է վերևում: