- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Դեռևս վաղ միջնադարում բուժակներն ու հեքիմները այս կամ այն հիվանդությունն ախտորոշելիս առաջին հերթին ուսումնասիրում էին մարդու մաշկը: Նրանք համոզված էին, որ հիվանդությունն անպայմանորեն պետք է անդրադառնար մաշկի որակի, առաձգականության, հարթության ու ամբողջականության վրա: Մաշկի վրա դուրս եկող բշտերն ու արտազատումները, անբնական գունավորումը թույլ էին տալիս անգամ կանխատեսել սպասվող հիվանդությունը: Եվ չնայած բժշկագիտության ոլորտում ախտորոշիչ սարքավորումների բարձր արդյունավետությանը, այսօր ևս բժիշկները շատ ու շատ հիվանդությունների, օրգանիզմում տեղի ունեցող տարատեսակ ախտաբանական պրոցեսների մասին տեղեկանում ու համոզվում են պարզապես մարդու մաշկը զննելով:
Օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակությունը, հորմոնալ տատանումները որպես կանոն արտահայտվում են մաշկի գունավորումների՝ պիգմենտացիայի, գունափոխության, խալերի ու լաքաների առաջացման տեսքով: Դա է պատճառը, որ մաշկի վրա պիգմենտներն ու գունափոխությունը կարող է ի հայտ գալ հանկարծակի ու անհետանալ ժամանակի ընթացքում: Մաշկի վրա պիգմենտացիայի առկայությունը պայմանավորված է մելանին կոչվող նյութի առկայությամբ կամ դրա բացակայությամբ:
Մենք հաճախ ենք տեսնում մարդկանց, որոնց մաշկի վրա առաջանում են տարբեր մեծությամբ անհավասար և տարբեր ձև ունեցող լաքայատիպ հետքեր: Դա բավական տարածված մաշկային հիվանդություն է՝ վիտիլիգո անվամբ: Այս մաշկային հիվանդությունը մարդկության չափ հին է: Դեռևս հին հռոմեացի բժիշկներն են իրենց արձանագրություններում գրել մաշկի վրա առաջացող և անբուժելի այս ախտաբանական վիճակի մասին: Դարեր շարունակ այս երևույթը համարում էին բնության կողմից տրված նշան, անգամ մեղքերի համար պատիժ: Հատկանշական է, որ ճերմակ լաքայաձև հետքերի բուժումը հնարավոր եղավ միջնադարում. տարատեսակ խոտաբույսերը, ծիսակատարությունները ի զորու էին վերականգնել մաշկի նախնական գույնը:
Արթուր Կոնան Դոյլի «Ճերմակած զինվորը» պատմվածքի հերոսը ևս ուներ այս հիվանդությունը: Բրիտանացի սպան պատերազմից վերադառնում է ճերմակ հետքերով պատված մաշկով: Մինչ հարազատներն ու ինքը մեծագույն ողբերգություն են ապրում մաշկային թվացյալ լրջագույն և անբուժելի հիվանդության պատճառով՝ մահացու թվացող հիվանդութոյւնը բուժվում է երիտասարդ ու գիտակ բժշկի նշանակումներով:
Մայքլ Ջեքսոնը ևս վիտիլիգո ուներ, որով էլ շատ ու շատ բժիշկներ պայմանավորում են նրա մաշկի գույնի փոփոխությունը: Հիվանդությունը ժառանգել է փոփ արքայի որդին Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն կրտսերը: Իսկ ռեփփեր Կրիզ Կալիկոն /Krizz Kaliko/ այնքան էր տարված իր հիվանդությամբ, որ երգերի ալբոմն անվանել է հենց վիտիլիգո:
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է: Այն ավելի շատ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց ոչ միայն: Այն հիվանդություն է, որը մինչեւ այժմ պաշտոնապես բժշկության կողմից ուսումնասիրված չէ` հաշվի առնելով, որ կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: