top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Փարիզն իր էությամբ շատ գեղանկարիչների է դաստիարակել։ Գառնիկ Զուլումյանը (Գառզուն) Վան Գոգի, Շագալի ու Պիկասոյի նման այն նկարիչներից է, որոնց սնել է ֆրասիական մայրաքաղաքը։ Հալեպից եկած 17-ամյա պատանուն, 1924 թվականի Փարիզը սկզբում շոկի մեջ գցեց, ինչպես դա հաճախ պատահում է, բայց Գառզուն արագ ուշքի եկավ ու սկսեց փնտրել իր իդեալներն անցյալում։ Անցյալը, որպես կերպար, Գառզուի համար ինչ-որ չափով ինքնակենսագրական է, ասես նկարիչն ինքն է տեղափոխվում հին դարաշրջաններ, ապրում գոթական դղյակներում՝ Վերսալում ու Վենետիկում։ Ապա անցյալն անհետանում է, ու նկարչի կտավները նմանվում են կարդիոգրամայի՝ ծակող, սուր ու արտահայտիչ, առաջին հերթին քաոտիկ թվացող: Նրանք զարմանալիորեն պատկերավոր են, ունեն մտածված կառուցվածք ու կազմվածք։ Ու միևնույնն է․ Գառզուի ցանկացած կտավ կամ վիմագրություն միշտ չափազանց հուզական է, այն առեղծվածային ու գրավիչ թատերախաղ է։ «Իրականությունը հարուստ է», — ասում էր Գառզուն, «ու ամեն մի իր իր սեփական առեղծվածային լույսն է արձակում։ Իրականության ու երազանքի փոխներթափանցումը հիացնում է ինձ, ես ուզում էի հասկանալ իրերի ներքին էությունը»։ Այսպես հայտնվեց Գառզուի աշխարհը, տիեզերքի զուգահեռ իրականության մեջ, որը բեմադրել է բնատուր ռեժիսորը՝ հին թնդանոթներով, հեքիաթային նավերով, ասպետների զենք ու զրահով։ Սակայն այս ամենը չի ընկալվում որպես ժամանակավատնություն, չնայած Գառզուն հայտնի է դարձել որպես Հեմինգուեյի, Քամյուի ու ХХ դարի գրողների ու բանաստեղծերի գրքերի պատկերազարդող։ Գառզուն առաջին անգամ պատմական հայրենիք է եկել 1966 թվականին, նա գրեթե քառասուն տարեկան հայտնի նկարիչ էր։ Հնարավոր է՝ նրան ժամանակ էր պետք այդ այցի համար, այսպես ասած, «հասունանալու»։ Եվ հավանաբար, այդ պատճառով էր նա որոշել գնացքով հասնել Հայաստան։«Ինքնաթիռով թռչելու հնարավորությունը ինձ չէր գրավում։ Ուզում էի Հայաստան մտնել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար։ Ինչպես թատրոնում վարագույրը աստիճանաբար է բացվում, ու հանդիսատեսը կախարդական աշխարհ է ընկում, իմ առջև հետզհետե բացվում էր այն երկրի պատկերը, որը ես ողջ կյանքս երազում էի տեսնել։ Ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, որ վաղուց գիտեմ Հայաստանը, ավելին՝ տեսել եմ այն սեփական նկարներում, ու ես ինձ էի զգում հայկական նկարիչ, որն իր կյանքի մի մասը հայրենիքում է ապրել», — այսպես էր նա բացատրում գնացքի ընտրությունը։ 1966 թվականին Գառզուն մեծ հաշվով Հայաստանում հայտնի էր հանրապետությունում գտնվող իր միակ կտավով։ Սակայն այն ժամամակ կազմակերպած ցուցահանդեսի բոլոր նկարները նա նվիրեց երկրին։ 1988 թվականի ողբերգությանը Գառզուն նաև որպես նկարիչ արձագանքեց, նա Խաչատրյանին «Հույսը» նկարի ճեպանկար ուղարկեց՝ քանդված քաղաք, իսկ հողից ծառի նման մերկ կին է աճում, նրա գլխին մազերի փոխարեն ծաղկող շիվեր են։ Ցավոք, Գառզուն այդպես էլ չստեղծեց այդ կտավը, այն մնաց որպես ճեպանկար։ Իսկ հայկական թեմատիկան հայտնվեց որմնանկարներում, որոնք նա պատկերեց Սուրբ Սահակի միջնադարյան եկեղեցում Մարսելի մոտակայքի Մանոսկ քաղաքում։ Եվ դա իսկական հերոսություն էր․ փորձեց որմնանկարներ անել 600 քառակուսի մետր մակերեսի վրա, 81 տարեկանում։ Գազուն ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, նրա կտավները ցուցադրվել են ավելի քան հարյուր թանգարաններում, Գառնիկ Զուլումյանի կտավները պատկերված են Ֆրանսիայի նամականիշների վրա։

#Նկարիչ #Գիտեքթե #Մեծեր #հայ #արվեստ

15 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page