- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ս. Հակոբ Մծբնա հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած` մանուկ Հակոբն իր քրոջ` Սակդենի հետ տեղափոխվել է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրել արքունիքում: Սակայն Ս. Հակոբը թողել է ճոխ կյանքը և դարձել ճգնավոր: Ապա գնացել է Մծբին, հանդիպել Ս. Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, սակայն թերահավատ են և կասկածում են Նոյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել և մի մասունք բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել նրա գլխի տակ: Ըստ ավանդության, Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ և հրաշագործ հատկություններ, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Ս. Մարուգեին հայտնել է, որ Ս. Հակոբն է լինելու Մծբինի աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին: