top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից մեկը, հայ եկեղեցական արարողակարգի աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն`«Ժամագիրքը», 140 տարի անց 1–ին անգամ լույս է տեսել եվրոպական նոտագրությամբ 2017 թվականին: Ժամագիրքը» եվրոպական նոտագրությամբ երբևէ չէր հրատարակվել: 1877 թվականին այն Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով «Ժամագիրքը» փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը՝ «Ժամագիրքը», ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով՝ այս ամենը հայերեն և անգլերեն:

2017 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ վերահրատարակվել է նաև Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը: Գիրքը վերահրատարակվել է նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան` լատինատառ տրանսլիտերացիայով, նախաբանով, երաժշտագիտական վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը, 2014 թվականին «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը:Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի (տառադարձության) և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը:

Շնորհիվ այս նախագծի` 100 տարի անց, իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:

#Գիտեքթե #Գիրք #մշակույթ

18 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page