top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա տաղանդավոր հայ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի անմահ «Անուշ» օպերայի պրեմիերան կայացավ Ալեքսանդրապոլում (որտեղ և ծնվել է օպերայի հեղինակը): Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած:

Գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատ ակուստիկա, 12 երաժշտից բաղկացած նվագախումբ, համեստ հագուստ և դեկորացիա: Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին երգում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը:

Ներկայացումից հետո էր, որ մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ՝ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա…

Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով: Շուտով Արմեն Տիգրանյանն՝ իր փոքրիկ թատերախմբի հետ միասին, շրջագայեց Հայաստանում, Ռուսաստանում և ամբողջ Անդրկովկասում: Օպերան հիացմունքով ընդունվեց և՛ Երևանում, և՛ Մոսկվայում, և՛ Թբիլիսիում, և՛ Բաքվում: Իսկ արդեն 1970-ական թվականներին «Անուշը» դիտեցին նաև Փարիզում և Մարսելում…

Մի առիթով Տիգրանյանն ասել է. «Մի բան պարզ էր՝ հայկական օպերան չպետք է կրկներ եվրոպականը: Նա պետք է լիներ յուրօրինակ, ազգային և մոտ ժողովուրդին»:

Կոմպոզիտորն իր այս ստեղծագործությունը գրել էր 1908-1912 թվերին, բայց հետագա 30 տարիների ընթացքում նա բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել տեքստի մեջ:

1983 թ.-ին Հայաստանում նկարահանվեց «Անուշը»-ի համանուն կինոօպերան:

Բացի Արմեն Տիգրանյանից, ում վիճակված էր դառնալ հայկական օպերայի հիմնադիր, «Անուշ» օպերային անդրադարձել է ևս երեք կոմպոզիտոր, նրանցից մեկը Մեծն Կոմիտասն էր: Հենց նա առաջինը սկսեց աշխատել Թումանյանի հայտնի պոեմի օպերայի վրա:

Վարդապետին օպերան ստեղծել առաջարկել է թբիլիսյան իշխանադուստր, բարեգործ Մարիամ Թումանյանը (բանաստեղծի համազգանունավոր), ով Կոմիստասին է ուղարկել Թումանյանի պոեմը: «Կարդացել եմ Թումանյանի «Անուշ» պոեմը և շատ եմ հավանել»,- պատասխանել է Կոմիտասը:

1904 թվին Վարդապետը մեծ ոգևորությամբ սկսել է աշխատել պոեմի վրա: Մի տարի անց օպերայի մի մասն արդեն պատրաստ էր: 1908 թվին Կոմիտասը գրել է Թումանյանին, որ արդեն բավականին աշխատանք է արվել, և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի գործը միասին ավարտեն: Սակայն նրանք այդպես էլ չեն կարողանում հանդիպել…

Մեզ են հասել կոմպոզիտորի սևագրերը՝ 27 էջ, որոնք պահվում են Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Վարդապետի կյանքն ուսումնասիրող Ռոբերտ Աթայանը գրել է. «Կոմիտասի սևագրերում օգտագործված է մի քանի ժողովրդական մեղեդի, չնայած մեծ մասը նոր մեղեդիներ են՝ գրված ֆոլք-գեղջկական և քաղաքային ոճերում: Իսկ այդ մեղեդիներում, անշուշտ, ազգային երանգը շատ ավելի է զգացվում»:

Աթայանը վստաh էր, որ եթե գտնված նյութերը լրացվեին որոշ նվագախմբային և երգչախմբային հատվածներով, ապա Կոմիտասի ստեղծագործությունը կարելի է մեծ բեմ բարձրացնել:

#օպերա #մշակույթ #Մեծեր #Ձեռագիր #Գիտեքթե #Կոմիտաս #ՀովհաննեսԹումանյան

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page