• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,



«Elia Photo-Service» լուսանկարչատունը տեղակայված է Երուսաղեմի հնագույն և խորհրդավոր թաղամասում՝ Հին քաղաքում: Դասական իմաստով այն սովորական ֆոտոսրահ չէ, այլ, կարելի է ասել, պատկերասարահի և արվեստանոցի մի յուրօրինակ ստեղծագործական համատեղում: Այցելուների համար այստեղ բացվում է հնաոճ սև և սպիտակ լուսանկարների՝ պատմական Երուսաղեմի կերպարների, հուշարձանների, բնապատկերների մի զարմանալի աշխարհ:

Այս բացառիկ լուսանկարչական վավերագրերի տնօրինողն ու պահապանը Կավհեջյանների ընտանիքն է: Սա Կահվեջյանների ընտանեկան գործն է, սերնդից սերունդ փոխանցվող: Ֆոտոսրահը հիմնել է Էլիա (Եղիա) Կահվեջյանը, և հենց նրա անունն էլ այն կրում է:

Էլիան, ծնունդով Արևմտյան Հայաստանից էր՝ հայոց մեծ եղեռնը վերապրածներից: 1915-ին նա տակավին հինգ տարեկան էր, երբ թուրք կառավարիչները ցեղասպանության ենթարկեցին իր հարազատներին: Մի քանի տասնյակ անձից բաղկացած նրա գերդաստանը բռնի կերպով տեղահանվեց հայրենի օջախից և աքսորվեց Դեր Զորի անապատներ: Նրանք բոլորը զոհվեցին, հրաշքով ողջ մնացին միայն Էլիան ու իր քույրը, որին նա տարիներ անց է միայն գտել Հալեպում:

Փրկվելով այդ սարսափելի ոճրից, Էլիան, առաջին աշխարհամարտի ավարտից հետո տասնյակ հազարավոր այլ հայ որբերի նման, հայտնվում է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի որբանոցներից մեկում՝ Պաղեստինի Նազարեթ քաղաքի որբանացում: Այնպես է ստացվում, որ ամերիկյան որբանոցի ազգությամբ հայ աշխատակիցներից մեկը նրան ծանոթացնում է լուսանկարչական արվեստի հիմունքներին, որն էլ ճակատագրական եղավ Էլիայի համար՝ այն դառնալու էր իր ողջ կյանքի գործը: Որբանոցից դուրս գալուց հետո Էլիան Երուսաղեմում բացում է իր առաջին ֆոտոսրահը, իսկ ահա ներկայիս այս վայրում գործող «Elia Photo-Service» սրահը վերաբացվել է 1949-ին, արաբ-իսրայելական պատերազմի ավարտից հետո:

Էլիան շատ էր լուսանկարում: Ազատ ժամանակ նա սիրում էր շրջել ֆոտոխցիկով Երուսաղեմի տարբեր անկյուններում և գտնել իրեն հետաքրքրող կերպարներ ու տեսարաններ: Շատ դեպքերում հետո չէր էլ տպագրում դրանք՝ այդպես էլ թողնում էր նեգատիվները պահոցում և մոռանում դրանց մասին: 1987-ին, նրա որդին իրենց լուսանկարչատան ձեղնահարկը կարգավորելիս, հանկարծ այնտեղ հայտնաբերում է հին նեգատիվներով լի արկղեր: Էլիայի կողմից ժամանակին արված ու մոռացված այդ պատկերները մեծ արժեք էին ներկայացնում, և դա այսօր փաստորեն նրա ընտանիքի հարստությունն է՝ դրանով են նրանք հիմա գումար վաստակում: Երուսաղեմում շատերը գիտեն նրանց մեծ հավաքածուի մասին:

1998 թվականին, Էլիայի որդին՝ Գևորգ Կահվեջյանը, հրատարակեց արխիվային հազվագյուտ լուսանկարների մի ժողովածու՝ «Երուսաղեմը հորս աչքերով» անվանումով: Ընդհանուր առմամբ Կահվեջյանների արվեստանոցում այսօր կա մոտ 3500 եզակի պատմական լուսանկարների հավաքածու: Դրանց մի մասը Էլիա Կահվեջյանի արված լուսանկարներն են՝ 1924-ից սկսած, իսկ մի մասն էլ արդեն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հնաոճ պատկերների Գևորգ Կահվեջյանի անձնական հավաքածուն է:

#Երուսաղեմ #Նկարիչ #մշակույթ #արվեստ #Գիտեքթե

3 views0 comments