• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ախթալայի ամրոցում գտնվող Սուրբ Աստվածածին վանական համալիրի որմնանկարները պատկանում են XIII դարին: Որմնանկարների մեծության, ոճի, ինչպես նաև հարստության և սյուժեների բազմազանության տեսանկյունից նմանը չկա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Կովկասի տարածաշրջանում: Որմնանկարները 960 քմ մակերես են զբաղեցնում: Դրանք ստեղծվել են 1206-1216 թվականներին, աշխատանքները ֆինանսավորել է Իվանե աթաբեկ Զաքարյանը: :Հայ պատմաբան Կիրակոս Գանձակեցին գրում է, որ XIII դարում Իվանե Զաքարյանը վանական համալիրը փոխանցեց հայ քաղկեդոնացիներին: Այն ժամանակ Սուրբ Աստվածածին վանքը նրանց համար ծառայում էր որպես Մայր տաճար, այսինքն՝ նրանց հոգևոր կենտրոնն էր:

Նրա խոսքով` որմնանկարները ստեղծել են ութ հայ վարպետներ, սակայն նրանցից միայն երկուսի անուններն են պահպանվել: Որմնանկարների առաջին շերտին` տաշած քարի վրա, երկու անուն է գրված` Հովսեփ և Գևորգ: Ընդ որում՝ գրված է գրաբարով:

Խորանի գմբեթի հատվածում պատկերված է գահին նստած Աստվածամայրը մանկան հետ: Սակայն Աստվածամոր դեմքը վնասված է: Պատմությունը վկայում է, որ XIV դարում Լենկթեմուրը, վանք մտնելով, տեսնում է, որ այնտեղ մարդ չկա, դատարկ է վանքը: Սակայն նույն այդ պահին մանկան ճիչ է լսվում: Նրան սկզբում թվում է, որ վանքն իր փոխարեն լալիս է իր մեղքերի համար, քանի որ նա հսկայական թվով մարդկանց էր կործանել իր ճանապարհին: Սակայն երկրորդ անգամ մանկան ճիչը լսելով՝ Լենկթեմուրը հասկանում է, որ եկեղեցու հետնամասում թաքստոց կա: Ի դեպ, այդ թաքստոցները, ուր բարձրանում ու որտեղ պատսպարվում էին մարդիկ, մինչ օրս պահպանվել են:

Զորապետին սակայն չի հաջողվել գտնել դեպի թաքստող տանող մուտքը: Եվ այդժամ նա հրահանգել է իր զորքին թնդանոթ բերել և կրակ արաձակել: Արդյունքում Աստվածամոր դեմքը վնասվել է: Սակայն վանքը հրաշքով կանգուն է մնացել…

Բանն այն է, որ վանքը չորս կողմից զարդարում են խաչաձև հարթաքանդակները, որոնցից ամենամեծը գտնվում է արևելյան կողմում: Նրան նայելով՝ կարելի է տեսնել, որ խաչի միջնամասում դատարկ հատված կա: Թնդանոթը հարվածել էր հենց այդ տեղին և դուրս թռչել, այդպիսով վանքը կանգուն էր մնացել:

Ընդհանուր առմամբ, երկշերտ բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարները դրվագներ են պատկերում Հին և Նոր կտակարանից, ինչպես նաև դրանցում սրբապատկերներ են պատկերված: Գմբեթի որմնանկարի ներքևի հատվածում պատկերված է Վերջին ընթրիքի ժամանակ հաղորդության խորհուրդը, որտեղ Հիսուսի կերպարը երկու անգամ է ներկայացված` աջ և ձախ թեքված և առաքյալներին հաց բաժանելիս: Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առքայալների և ավետարանիչներ Ղուկասի և Մաթևոսի կերպարները: Կա նաև կաթոլիկ եկեղեցու համար շատ նշանավոր երկու սրբապատկեր` Հռոմի Պապ Սբ. Սիլվեստրի և Սբ. Կլեմենի: Կամարները, միջանկյալ պատերը և սյուները նույնպես զարդարված են սրբապատկերներով և նրանց կենսագրություններով:

#ՎանքԵկեղեցի #Գիտեքթե #Հայաստան #մշակույթ #Սրբավայր

7 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում