- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Երկու Կյանք
Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց: Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ: Կրակը մեզ պահեց տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր մեր մարմիններում:
Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ, մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկերի:
Մեր կյանքը – երկու կենսագրություն, գրված նույն թղթի տարբեր էջերում:
Ինչքան հեռու է այն կետը, (որին մենք չմոտեցանք), որ նրա ուժգին ճառագայթումը հասնում է այժմ տասնյակ տարիների հեռավորությունից, իսկ նա հանգել է և դարձել մեռած մի աստղափոշի:
Ես կյանքիս մի մասը տվել եմ քեզ և այժմ փնտրում եմ մի տարածություն, որ կարող եմ նստել և նայել մոտեցող մայրամուտներին, որ սառն են թվում, բայց մոտենում են սարսուռով, հույսով: Ուսերիս իջնում են նոր աղավնիներ: Անցած օրերի ղողանջն եմ լսում: