top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Քաղաքի առավոտը

Առավոտ չի լինում արվարձանի պաղ լճակի մեջ արևը թերխաշող մեր քաղաքում, և օրվա առաջին ժամը շոգեբաղնիք կեսօրից է սկսվում. հորանջում ենք ու փռշտում` մեր տեղերը, բե՞մ, թե՞ դահլիճ, ճշտելով: Փողոցով ու այգիներում և ամենուր Աստծո որդին է շրջում, մերթ հիվանդապահի կամ սանիտարի հագուստներով, մերթ «Բժիշկներ առանց սահմանի» մարդասիրությամբ. խաչակնքում ենք և օվսաննա կանչում, երբ անցնում է մեր կողքով: Հերթական մանկան գլխին է ձեռքը դնում` քաղաքի առավոտը նմանեցնելով նրան… և արդեն զարմանալու չէ, որ նրա հաճախորդն են անտեր ու դուրս մարդիկ` դեղակայուն ու անբուժելի, հետնախորշերում ու դես ու դեն թափված: Իսկ վերջում խոսք է ասում` նստած մոտիկ բլրին, որտեղից տարին մեկ-երկու անգամ, հատկապես ամռան գիշերներին, պորտաբաց քաղաքը ջազ է լսում. հետո կարմիր խաչով թևկապն ու դեղորայքը փոխանցում է սատանային, որ Շուռտված մականունով է քաղաքում հայտնի, և ասում` «կհանդիպենք լուսաբացին», ու գնում է: Իսկ մենք պարտադիր մեկ-երկու քաջալերող խոսք ենք նետում այդ շանորդուն, և շուտ-շուտ ուտելուց զկրտալով` շտապեցնում. «Հանկարծ չուշանաս, ուր որ է լույսը կբացվի»: Լուսաբացին հանդիպում են Աստծո որդին ու սատանան, և ձեռք սեղմում ամբողջացած օրվա համար` մոտիկ բլրի վրա, հետո մինչև կեսօր, առանց խաղի ու անկեղծ, համոզում են իրար. «Երկրպագիր ինձ, և այս քաղաքը, որ տեսնում ես, քոնը կլինի»:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՀուսիկԱրա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page