top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՍԻԱՄԱՆԹՈ

Ափ մը մոխիր, հայրենի տուն

Ա Ավա՜ղ, սպարանքի մը պես մեծ էիր և շքեղ, ՈՒ ես` երդիքներուդ սպիտակ կատարեն, Աստղածորան գիշերներու լույսին հետ, Վարեն, ահեղավազ Եփրատին կ'ունկնդրեի...: Բ Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ ավերակ առ ավերակ Քու լայնանիստ պատերդ իրարու վրա կործանեցին, Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արյունի... Զքեզ եզերող պարտեզիդ ծաղկըներուն վրա: Գ ՈՒ մոխրացա՜վ այն սենյակը կապույտ, Որուն որմերուն ետև և գորգերուն վրա Իմ երջանիկ մանկությունս կը հրճվեր, Եվ կյանքս կ'աճեր և հոգիս իր տևերը կ'առներ... Դ Փշրեցա՞վ, ուրեմն, այն հայելին ոսկեծիր, Որուն եթերային խորությանը մեջ, Երազներս, հույսերս, սերերս և կամքս կարմիր, Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին...: Ե ՈՒ բակին մեջ երգող աղբյուրը մեռա՞վ, ՈՒ կոտրտեցա՞ն պարտեզիս ուռին և թթենին. Եվ այն առվակը որ ծառերուն մեջեն կը հոսեր, Ցամքեցա՞վ, ըսե', ո՞ւր է, ցամքեցա՞վ, ցամքեցա՞վ... Զ Օ', այն վանդակին կ'երազեմ հաճախ, Որուն մեջ գորշագույն կաքավս, առավոտուն, Արևածագին հետ և վարդի թուփերուն դիմաց, Զարթնումի ժամուս` հստակորեն կը կարգճեր...: Է Հայրենի՜ տուն, հավատա' որ մահես հետո, Քու ավերակներուդ սևին վրա իմ հոգիս Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր, Իր դժբախտի երգն և արցունքը լալու...: Ը Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե, Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր, Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ, Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու... Թ Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի տուն, Ափ մը մոխի՜ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե, Քու հիշատակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ, Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #Սիամանթո

7 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page