top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

Ներիր ինձ, Աստված

Իմ տառապանքն եմ երգում ես նորից...

Տառապանքիս մեջ քանի տառապանք

Հոգնած իրարից՝ հրմշտում իրար,

Եվ որպես մրմուռ և որպես կապանք,

Հոգիս ճեղքելով հոգիս են մաշում,

Հույսերիս ծառն են բիրտորեն տաշում,

Բերում են ավազ, բերում են սամում,

Վրաս վիհերի սարսափն են քամում

Եվ կյանքիս վերջին փշուրն են տանում:

Տանում են, տանում,

Եվ ինչքան պիտի դեռ այսպես տանեն,

Խրախճանք անեն,

Իղձերս քամեն,

Եվ հազար անգամ՝ չարչարված հոգիս

Գողգոթա հանեն...

Ներիր ինձ, Աստված,

Որ քեզ այպանեմ,

Չփառաբանեմ,

Եվ ծնկի չգամ ու աղոթք չանեմ,

Ոչ մոմեր վառեմ, և ո՛չ խունկ ծխեմ

Միայն այպանեմ...

Թող քեզ այպանեմ,

Այս ցավիս համար,

Այս չսպիացող վերքերիս համար,

Այս խաչված, տանջված ձեռքերիս համար:

Թող քեզ այպանեմ...

Էլ համբերության պաշարներ չունեմ,

Կռվելու համար

Էլ ոգի չունեմ,

Կարոտներ չունեմ ու սերեր չունեմ,

Թող քեզ այպանեմ...

Եվ ուժգին քամու փեշերից բռնած՝

Թող զարկվեմ ամեն, ամեն մի քարի,

Որ ցավ չունենամ,

Անզգայանամ,

Եվ փակված անկյանք աչքերիս վրա՝

Հավիտենության անդորրը զգամ...

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՎահրամՀաճյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում