- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

1914 թ.–ին, Մեծ Եղեռնից շուրջ մեկ տարի առաջ, Կոմիտասը Փարիզում էր. գումար ու բարեհաճություն էր փնտրում իր ստեղծած 300 հոգանոց «Գուսան» երգչախումբը պահպանելու և իր սաներին եվրոպական կրթություն ապահովելու համար։«Եթե եկեղեցին յուրաքանչյուրիդ տրամադրե 30-ական ֆրանկ, մի բանի կարող է ծառայել։ Բայց այս հաստագլուխներին բան հասկացնել հնարավոր չէ, բավական շատ են տառապող ուսանողները»,– նամակներից մեկում, ներկայացնելով փարիզյան բանակցությունների արդյունքները, աշակերտների հետ անկեղծանում է Կոմիտասն ու եզրափակում. «Ցտեսություն, սիրալիր ու կարոտով բարևներս ու համբույրներս բոլորիդ. Ձեր Կոմիտաս»։ Մեկ այլ նամակում Վարդապետն իր աշակերտներին պատմում է, թե ինչպես է հայ երաժշտության մասին մասնավոր դասախոսություններով գումար վաստակում` երգչախումբը պահելու համար։«Եթե մի բան լինի, անմիջապես կգրեմ, առայժմ մասնավոր տեղերից հրավեր եմ ստացել` դասախոսելու մեր երաժշտության մասին, Մանչեսթերի հայերի և Մարսելի ֆրանսիացիների համար։ Պաշտոնական հրավերին եմ սպասում, որ կարողանամ մեկնել Անգլիա»,– հայտնում է Կոմիտասը։
Պատմությունը ցույց տվեց` հայ իրականության մեջ մինչ օրս ամենամեծ երգչախումբը պահպանելու Կոմիտասի ջանքերն անիմաստ էին, անիմաստ չէին, սակայն, աշակերտներին անմնացորդ նվիրված սերն ու գիտելիքները։ Բարսեղ Կանաչյան, Վարդան Բունիաթյան, Արամ Աստվածատրյան, Հայկ Սեմերջյան. իրենց ուսուցչի կիսատ թողած գործը շարունակած հայ երգարվեստի այս բոլոր անունները ժամանակին պարզապես լավ Վարդապետից կրթություն ստացած աշակերտներ էին։
Հայ երգարվեստում նման մեծաթիվ երգչախումբ այլևս չի եղել` ո՛չ խորհրդային, ո՛չ անկախ Հայաստանում, և ո՛չ էլ սփյուռքում։