- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Նման եմ մի անտեր թռչունի
Ես տունս, երկիրս հավիտյան թողել եմ,
Շրջում եմ բյուրավոր քաղաքներն աշխարհի,
Դարձել եմ մի գնչու, քայլերս շեղել եմ,
Բռնել եմ ճանապարհն աստղերի:
Իմ կյանքը զանգի պես երկնքից կախել եմ,
Ղողանջն եմ ես դարձել իմ անհուն կարոտի,
Անորոշ օրերից ես այնպես փախել եմ,
Որ հոգիս վերստին չաղոտի:
Իմ տխուր երգերին խենթորեն տրվել եմ,
Առասպելն եմ հյուսում իմ ճախրող օրերի,
Մի չքնաղ աղջկա սրտի մեջ խրվել եմ,
Որ կյանքս ընդունայն չկորի:
Իմ կյանքի կես ճամփան ես վաղուց անցել եմ,
Կիզվել եմ, սևացել մի ուրիշ արևից,
Իմ կյանքում ես քանի մրրիկներ սանձել եմ,
Գնացել ցնորքի հետևից:
Ինձանից շատ հաճախ հեռացել, խլվել եմ,
Որ շողամ, առկայծեմ մեկի մութ ճամփեքին,
Ես իմ դեմ դառնացել ու ինձ հետ խզվել եմ,
Որ տրվեմ, բաշխվեմ ամենքին:
Ես գիտեմ, որ ուրիշ երազով հյուսվել եմ,
Թվում է նման եմ մի հզոր աստծո,
Ախ, թեև տանջանքից դառնորեն հյուծվել եմ,
Բայց ես միշտ եղել եմ խնդության մի ածու:
Ու հիմա հին ճամփով ես նորից գնում եմ,
Արձագանք եմ դարձել հեռավոր անհունի,
Բախտիս հետ անբաժան նույն տանը մնում եմ,
Նման եմ մի անտեր թռչունի: