Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնինն և ավարտվելով Մեծ Պասով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոսը: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով: Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: Վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ: Որոշ տեղերում ձուն խաշելու փոխարեն ձվածեղ էին պատրաստում: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:

Մեծ Պասի հենց առաջին օրն ամեն տուն թխում էր յոթ անալի բաղարջ` ի նշան պասի յոթ շաբաթվա: Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում է, և այսպես շարունակվում է քառասնօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Մեծ Պահքի (պաս) ամեն կիրակին ունի իր առանձին տոնատերը: Առաջին կիրակին նվիրված է Արտաքսմանը, երկրորդը` Անառակին, երրորդը` Տնտեսին, չորրորդը` Դատավորին, հինգերորդը` Գալստյանը, վեցերորդը` Ծաղկազարդին և յոթերորդը` Քրիստոսի հարությանը: Պասի ընթացքում կենդանական ծագում ունեցող սնունդ չէին ուտում, այլ միայն բուսական:

#Գիտեքթե #Ծես #ՄեծՊահք #Տոն

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now