- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Նախերգանք
Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով, Թընդում է հոգիս աշխուժով լըցված, Ու ջերմ ըղձերըս, բախտից հալածված, Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով: Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ, Կյանքի տխրության ամպերի տակից Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր: Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն, Վեհափառ դայակ մանուկ օրերիս, Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս` Սըրտիս ականջին խոսելով թաքուն: Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ Հազար ցավերով, հազար ձևերով, Ոգևորության հըզոր թևերով Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ: Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով Քո ծաղիներին ծաղիկ ավելցնեմ, Այլ դառն հեծության հառաչանքներով Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ: Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան, Սըրտիս էս խորունկ վերքերի նըման. Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ, Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել: Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք, Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք, Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր, Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...