top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Պահքի ժամանակ (և առհասարակ) կան բաներ, որոնցից յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա և հրաժարվի.

Ա. Հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, հավկիթ), քանզի բուսական կերակուրներ ուտելով «թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան, որպեսզի մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի, նաև հոգևոր էակ է, որպեսզի հոգևոր էակն ավելի կարևորություն ստանա և մարդն ավելի շատ մտածի հոգևոր սննդի մասին»: Իհարկե, պետք է նշել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսանկյունից, մասնավորաբար Մեծ Պահքի շրջանում, քանի որ գարնանամուտն առանց կենդանական, ճարպային սննդի անցկացնելը դրական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա:

Բ. Հրաժարվել մոլություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի և զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն և այլն): Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ Պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է: Մոլությունների հետ կապված «տանջանքն», արդարև, ինքնազրկանքի և առավելաբար կամքի զորացման մի սքանչելի հնարավորություն է, քանզի այդ տեսակ ապաշխարությունն ու պահեցողությունն ավելի ընդունելի են Աստծուն և օգտակար` մարդուն:

Գ. Հնարավորինս հեռու մնալ սեռական հարաբերություններից ու տեղ չտալ ցանկասիրությանը: Խոսքն անշուշտ ընտանիքի մասին է, իսկ ընտանիքից դուրս նման հարաբերություններից առհասարակ պետք է հրաժարվել թե՛ պահքի ընթցքում, թե՛ դրանից դուրս, քանի որ նման հարաբերությունները քրիստոնեության մեջ որակվում են որպես շնություն, պոռնկություն, բղջախոհություն. «Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին» (Եբր. 13:4):

Դ. Հրաժարվել լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից և ամեն տեսակ լեզվական արատներից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և պղծում են մարդուն, քանի որ «Ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` այն է պղծում մարդուն» (Մատթ. 15:11):

Ե. Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից (այսինքն պահքը չպետք է դառնա հպարտանալու և ամբարտավանանալու միջոց, որ տե´ս, ես պահք եմ պահում, իսկ նա չի պահում: Սրա մասին Պողոս առաքյալը գրում է. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» Հռոմ. 14:3): Պետք է հեռու մնալ նենգություններից, դառն ու հուսահատ արտահայտություններից, որոնք մեռցնում են մեր հոգեկան կենսունակությունը և վնասակար մանրէի նման վարակում նաև մեր շրջապատը: Պետք է հրաժարվել վիճաբանություններից, կռվազանություններից, որոնք խանգարում են մեր և մեր շուրջ եղողների խաղաղությունը:

Զ. Հեռու վանել մեզանից եսասիրությունը և միշտ մեր եսասեր տրամադրությունները մասնավոր ճիգով զոհելով, առհասարակ մարդկանց հանդեպ լցված լինենք բարյացակամությամբ և բազմաթիվ այլ կերպերով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ` հաճախ զրկելով մեզ մեր փոքր առավելություններից և իրավունքներից:

#Գիտեքթե #ՄեծՊահք

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page