- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
* * *
Ես տխուր եմ ահա, և ամենից առաջ Միայն քեզ հետ, մա՛յր իմ, դեռ կուզեի կիսվել: Ես կուզեի հեղել արցունքներիս շիթը Եվ հանգցնել հուրը քո ափերի, Ես կուզեի ապրել քո՛ ձեռքերին Եվ քո հուզումների բարեկամը լինել: Ես կուզեի հիմա իմ սեղանին Գոնե ... քո նկարը դրված լիներ: Քո նկարը, օ՜, լույս ... Քո ժպտացող, խոհուն վեհությունը, Որը մի պատկեր է նախաաշնանային, Որը բերում է քո մաքրությունը Եվ մի նվիրումով անկեղծ ու երկնային Նվիրվում է հենց ինձ` Քո քսանմեկամյա երեխային ... Դու հեռու ես հիմա, Թեև համոզված եմ, որ ինձ չես մոռացել, Սակայն այս ամենը այնքան սուտ է, Ես քեզ կարոտել եմ, մի՞թե չես իմացել, Որ իմ կարոտները ես չեմ կարող բացել Հեռվից հեռու, Եվ դարձել եմ հիմա խիստ անհամբեր ... Մա՛յր իմ, բավակա՛ն է, դու ինչո՞ւ ես լռում, Դո՛ւք ինչո՞ւ եք լռում, իմ տան պատե՛ր: Դու ինձ ներիր, մա՛յր իմ, բայց ես պիտի ծխեմ, Խեղճացել է նույնիսկ իմ հավատն էլ, Այս կարոտի բովում ջլատեցի կյանքս, Սակայն լոկ քո սիրով ապրում եմ դեռ: Լոկ քո սիրով շնչում ու խորհում եմ, Քո կարոտից, վախից դարձած անխելք, Ամեն չնչին բանից կատաղում եմ,Մա՛յր իմ, թե կարող ես, մի՛ համարիր դա մեղք, Ամեն ինչից հետո դա՜ռը հապաղում եմ, Թեև հաճա՜խ, հաճա՜խ ուշ է լինում, Եվ թվում եմ ես ինձ շարքում այս պահերի Առնվազն ոչ մարդ, այլ լոկ` անո՛ւն: Դե ինչ, անգի՛ն մայր իմ, Հիմա թանձր մութ է, Ներսում ոչ շատ տհաճ, դրսում շատ հաճելի, Ու ես պիտի թողնեմ այս գրիչն էլ, թուղթն էլ, Պիտի թիավարեմ ծովում երազների: Երազների գրկում պիտի գտնեմ բարին, Բարուն պիտի գգվեմ այսուհետև, Պիտի գգվեմ իմ տան մաքուր շեմքին, մայր ի՛մ, Պիտի ապրեմ այնքա՜ն, անիրակա՜ն, թե՜թև, Որ տրտմության վերջը նույնպես լինի բարի, Ի՛մ տրտմության, որը սիրով ինձ ընդունել Եվ պահում է այս էլ քանի՜ հարյուր տարի Եվ համոզում, որ ես ոչի՛նչ, ոչի՛նչ չունեմ Բացի քեզնից ու իմ ... էլի՛ քեզնից, մա՛յր իմ ...