top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Էգ քաղաք

Քեզ ցողի սարսուռն է հարմար գալիս որպես հոմանիշ. արթնանում ես հրեշտակ և առավոտյան զանգերի կանչին հնազանդ, մտնում եկեղեցի ու ձեռքդ սրտիդ դրած` պատարագ լսում և Աստծո տեսքը աչքերիդ մեջ` դուրս գալիս փողոց, մեղքերիդ թողություն տված, քաղաք: Կեսօրից հետո քո աղոթատեղին սրճարանն է , ուր երկար բամբասում ես մի բաժակ սուրճի կամ կիտրոնով օղու շուրջ և չարչրկված բախտդ երկար տալ ու առնելուց կորցրած` մտնում ես այգի ու կիսախում նիրհով ճեմում` կաթիլ-կաթիլ արտասվելով աչքերիդ մեջ պահած աստծուն: Իրիկվա առաջին ժամերին անողորմ դիպուկահար ես. զոհիդ ընտրում ես գրպանիդ մանրամասն հաշվարկով և գործդ անում խնամված ու առանց պոչ թողնելու: Հարցեր լուծող տղա ես` դռանը հաչող շան նման, վնգստում ես ու վրա տալիս` քանի դեռ կապդ չեն ձգել: Կեսգիշերից հետո` էլ ի՞նչ քաղաք, ի՜նչ հարազատ տուն, «խաղ չկան» լխկած թշերիդ` հաստ վզով լակած իշխանություն ես, գիշերային ակումբների առյուծ` թաթիդ տակ երկրագունդը ճզմող, մինչև խաղատնից` առանց քոռ լումայի, խեղճ ու ողորմելի փախ կտաս: Քո անինքնասեր քրոջ` Բաբելոնի արձագանքն ես, է՛գ քաղաք, և մենք իրար հասկանում ենք գիշերային անբառ լեզվով. լուսաբացին մոտ քո միակ ու աղոտ հույսը ես եմ մնում, երբ հեկեկում ես պոետի վտիտ թևերի մեջ` մարմնիդ վերջին փշրանքը վստահելով հենց նրա խղճին, իսկ առավոտվա քո աստծուց անգամ հետք չի մնացել արցունքիդ դառը կաթիլի մեջ:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀուսիկԱրա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում