- Ներսեհ Ա. Ա.
Մեծ Պահքի 44-րդ օրվա խորհուրդը

Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի մասին է, ովքեր լապտերներով գնում էին փեսային դիմավորելու:
Հինգ իմաստունները լապտերների հետ լրացուցիչ ձեթ վերցրեցին, իսկ հիմարները` ոչ: Երբ փեսային դիմավորելու ժամանակը եկավ, լապտերների ձեթը վերջացել էր, և նրանք, ովքեր ձեթ չէին վերցրել իրենց հետ, վերադարձան ձեթ գնելու: Այդ ժամանակ փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան:
Իմաստուն կույսերն ամբողջ կյանքի ընթացքում ողորմությամբ ու բարի գործերով ամբարել էին «ձեթը», որն առակում խորհրդանշում է հավատքի գործերը։ Դրանցով է լուսավոր մեր հոգևոր ընթացքը, որպեսզի կարողանանք դիմավորել Քրիստոսին։ Իսկ մյուս հինգ կույսերը խորհրդանշում են նրանց, ովքեր լսում են Տիրոջ խոսքը, բայց հոգևոր կյանքում ծուլանում են՝ ապրելով խավարի մեջ:
Տասը կույսերը խորհրդանշում են արդարներին ու անիրավներին: Հետևաբար իմաստունները համարվում են մաքուր հոգու զգայարանները, իսկ հիմարները՝ մարմնինը: Լույսը հոգու և մարմնի մաքրության նշանն է, իսկ յուղը՝ մարդասիրության և ողորմության: Յուղն այն նյութն է, որի շնորհիվ վառվում է լապտերը. ողորմությունն այն ճանապարհն է, որը տանում է դեպի ապաշխարհություն, մեղքերի քավություն: Ինչպես ասում է Դանիել մարգարեն. «Քո մեղքերը քավի՛ր ողորմությամբ, և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով, թերևս Աստված համբերատար լինի քո հանցանքների նկատմամբ» (Դան. Դ 24): Յուղը մեր կարեկցանքն է, պատրույգը՝ պահքը, որի ընթացքում մարդը հեռու է մնում մարմնական ցանկություններից, իսկ արդյունքում բոցավառվող կրակն այն սերն է, որով քայլում ենք դեպի Աստված: Չնայած այն հանգամանքին, որ մյուս հինգ կույսերը մանկությունից ի վեր պահել էին իրենց կուսությունը, սակայն բարի գործերի բացակայությունը բավական էր , որպեսզի մարած լապտերների պատճառով կիսատ թողնեին այն ճանապարհը, որը տանում էր դեպի աստվածային լույսը::